Վրաստան

Թբիլիսիում կրկին հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում կրկին հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ  խորհրդարանական ընտրությունների արդյունքների

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում ընդդեմ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հանրահավաքից առաջ ընդդիմության ներկայացուցիչները երթ են կազմակերպել Թբիլիսիի երկաթուղային կայարանի շենքից դեպի խորհրդարան։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի օրենսդիր մարմնի շենքի մոտ հերթապահություն են իրականացնում ոստիկանության ջոկատները։ Ռուսթավելի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանը, ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է։

Ավելի վաղ՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը։ 

Երկրի ԿԸՀ-ն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որի  նշվել է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսում, որտեղ քվեարկել է ընտրողների 14 %-ը, քվեաթերթիկների վերահաշվարկն ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության չի հանգեցրել։ 

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ստացել է ձայների 53,9 %-ը, սակայն ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները։

Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունները որակել է ամբողջական կեղծիք և հայտարարել, որ չի ճանաչում դրանք, իսկ 5 %-ի շեմը հաղթահարած բոլոր չորս ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ բոյկոտելու են նոր խորհրդարանը։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում