Եվրոպա

Բորելը Սեուլում հարավկորեացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության թեման

2 րոպեի ընթերցում

Բորելը Սեուլում հարավկորեացի գործընկերների հետ քննարկել է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցության թեման

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը բանակցություններ է վարել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի հետ։ Կողմերը դատապարտել են հյուսիսկորեական զորքերի տեղակայումը Ռուսաստանում և խոստացել համակարգել գործողությունները՝ Փհենյանի և Մոսկվայի միջև համագործակցությունը կանգնեցնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։ 

Բորելը Կիմ Յոն Հյունի հետ հանդիպել է Հարավային Կորեա այցի շրջանակներում։

«Միջազգային հանրության հետ համակարգմամբ նրանք համաձայնել են սերտորեն համագործակցել՝ արգելափակելու Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցությունը», - հայտարարության մեջ նշել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։ 

Ժոզեպ Բորելը և Կիմ Յոն Հյունը նաև ընդգծել են, որ Եվրոպայի և Ատլանտյան օվկիանոսի ավազանի երկրների անվտանգությունը կապված է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների անվտանգության հետ։ Կողմերը պայմանավորվել են ամրապնդել ԵՄ-ի և Հարավային Կորեայի միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ռազմական համագործակցության դեմ։

Սեուլ այցի ընթացքում Բորելը նաև հանդիպում է ունեցել երկրի արտգործնախարար Չի Թաե Յուլի հետ: Այս հանդիպման գլխավոր թեմաներից մեկը նույնպես եղել է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զինվորների ուղարկումը։ Նրանք ևս ընդգծել են ԵՄ-ի և Հարավային Կորեայի միջև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը:

Նախքան Հարավային Կորեա այցելելը Բորելը եղել էր Ճապոնիայում, որտեղ կնքել էր ռազմավարական գործընկերության, անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության շուրջ համաձայնագրեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում