Ընտրողների ընդհանուր թվի 9,27 տոկոսն արդեն քվեարկել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիի ժամանակով ժամը 10։00-ի դրությամբ երկրում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 324 հազար 197 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 9,27 տոկոսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հիմնվելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանիի հայտարարության վրա։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են առավոտյան 8։00-ին։
Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։
Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։
Հաղորդվում է, որ քվեարկության գործընթացը կտևի մինչև ժամը 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։
Վրաստանի ԿԸՀ-ում ամփոփիչ ճեպազրույցը նշանակված է ժամը 22:00-ին։