Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին:  

«Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում