ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը: