ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնեց կազմավորման 10-ամյակը։ Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով:
Շնորհավորելով քննիչներին Կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի առիթով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլորին այս ընթացքում կատարված աշխատանքի համար։ Ըստ վարչապետի՝ այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել Քննչական կոմիտեի կարողությունները մեծացնելու համար և այդ առումով կառավարությունը մեծ ներդրում է ունեցել։
«Անձամբ իմ և կառավարության տեսակետից դա ներդրում է Հայաստանի Հանրապետությունում արդարություն հաստատելու համար։ Ես օգտագործում եմ «արդարություն հաստատելու» տերմինաբանությունը երկու առանցքային պատճառով։ Նախ, որովհետև, կարծում եմ, որ մեր քաղաքական թիմի առաջնային պահանջարկներից մեկն է և երկրորդը, ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն արդարության զգացում։ Օգտվելով այս տոնական առիթից և թեմային առնչվող պաշտոնյաների ներկայությունից օգտվելով՝ ևս մեկ անգամ ընդգծել այս օրակարգը»,-ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում անհրաժեշտ է ներդնել այն զգացողությունը, որ Հայաստանի Հանրապետությունում կա արդարություն և արդարադատություն ու բոլորը հավասար են օրենքի առաջ և Հայաստանում չկան արտոնյալներ՝ լինի նախկին, թե ներկա իշխանությունից։
«Հերթական անգամ շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար՝ Քննչական կոմիտեի տասներորդ տարեդարձն ինչ-որ առումով ուզում եմ համարել զրոյական կետ ոչ թե այն առումով, որ կատարված աշխատանքը զրոյացվում կամ դեն է նետվում, այլ զրոյական կետ այն առումով, որ ամեն զրոյական կետից ամեն հաջորդող կետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգացողությունը, համոզմունքը պետք է ավելի ու ավելի խորանա երկրում արդարության և արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին»,-եզրափակեց Փաշինյանը։
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի խոսքով՝10 տարիների ընթացքում կառույցն անցել է կայացման յուրօրինակ շրջափուլ և արձանագրել հաջողություններ։
«Անկախ պետականության հռչակմանը հաջորդած տարիներին մեր երկրում սկիզբ առան դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներ, որոնց նպատակն էր իրավունքի գերակայության վրա հիմնված պետականության կայացումը։ Այդ նպատակի իրագործման համար անցած տարիներին հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, դատաիրավական համակարգում կատարվել են նշանակալի բարեփոխումներ, որոնք կայուն հիմքեր են ստեղծել մեր երկրում այդ ոլորտն իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու համար»,- ասաց ՔԿ նախագահը։
Քյարամյանը իր ելույթում հակիրճ ներկայացրեց Կոմիտեի կազմավորման պատմաքաղաքական նախադրյալները և կառույցի անցած 10–ամյա ճանապարհի հիմնական իրողություններն ու ձեռքբերումները:
Նա նշեց, որ նախորդած տարիների տեղի ունեցող գործընթացները միանգամայն համահունչ էին նախաքննական մարմինները գործադիր իշխանության համակարգից դուրս բերելու ռազմավարական նպատակին։ ՔԿ նախագահն ընդգծեց՝ ասվածի իրագործումը հնարավոր դարձավ միայն վերջին տարիներին՝ Հայաստանում զարգացող ժողովրդավարական բարեփոխումների աննախադեպ գործընթացների արդյունքում:
«Անցնող ժամանակը վկայում է, որ միասնական քննչական մարմնի գաղափարը նպաստում է նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների ու մեթոդների միասնականացմանը, քննչական ապարատի կառուցվածքի կատարելագործմանը, և որպես նշվածի հետևանք՝ քննչական ստորաբաժանումների գործունեության համակարգման մակարդակի բարձրացմանը. հանգամանքներ, որոնք հուսալի երաշխիքներ են ապահովում նախաքննության արդյունավետության բարձրացման համար։
Նախաքննական մարմինների համակարգի բարեփոխումների արդյունքում այսօր հանրապետությունում գործող 2 նախաքննական կառույցները՝ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, հետևողական աշխատանք են իրականացնում մինչդատական վարույթը դատավարական նոր կարգավորումներին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ»,-ընդգծեց Քյարամյանը։
ՀՀ վարչապետը մի խումբ քննիչներին իրավակարգի և օրինականության համար մղվող գործում ներդրում ունենալու համար հուշամեդալներ և շնորհակալագրեր հանձնեց։ Երեկոն եզրափակվեց տոնական համերգով։
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքով ամրագրվեց երկրում գործող նախաքննական մարմինների համակարգը՝ ի դեմս դատախազության, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների քննիչների: Այնուհետև, 2005 թվականի նոյեմբերի 27-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով փոփոխություններ կատարվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթներում, որոնց ուժով չեղարկվեց Դատախազության նախաքննական գործառույթը և համապատասխան լիազորություններ վերապահվեցին նաև Պաշտպանության նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համակարգում ձևավորված քննչական ստորաբաժանումներին: Այնուամենայնիվ, նախաքննական ստորաբաժանումների գործունեությունը գործադիր իշխանության մարմինների կառուցվածքում խնդիրներ էր առաջացնում նախաքննության օբյեկտիվության և անկողմնակալության տեսանկյունից, ինչն անխուսափելի էր դարձնում երկրում ինքնուրույն և անկախ քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտությունը:
Նշված անհրաժեշտությունից ելնելով՝ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին ստեղծվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կողմից մշակվեց, և 2014 թվականի մայիսին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքը:
Քննչական կոմիտեն, ըստ էության, ձևավորվեց Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումների հենքի վրա, իսկ 2021 թվականին քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից շուրջ 1 տարի անց կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները ներառվեցին ՀՀ քննչական կոմիտեի համակարգում: