Մշակույթ

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  

«Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն: Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասվում է գրառման մեջ։

Պլասիդո Դոմինգոն Հայաստան է ժամանել Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունենալու նպատակով։ Համերգը կկայանա Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Երեկոյին Դոմինգոյի կողքին հանդես կգա սրընթաց թափով միջազգային կարիերա կերտող հայազգի սոպրանո,  Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը: 

Արտիստները հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում