Քաղաքականություն

Հայաստանը պետք է կարողանա ձևավորել ընկալում, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում մրցունակ լինելու չափանիշներին. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է կարողանա ձևավորել ընկալում, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում մրցունակ լինելու չափանիշներին. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է միջազգային հանրության շրջանում ամրապնդել ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակող երկրի համբավը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխան ընթացքում: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակն իր ելույթում ունեցած ուղերձների փոխանցումն էր համաշխարհային այդ հարթակից: Նա իր երկկողմ բոլոր հանդիպումներն այդ հարթակում գնահատեց դրական:

«Մենք գործում ենք փոփոխվող աշխարհում: Եվ շատ կարևոր է, որ ՀՀ–ն կարողանա արտաքին միջավայրում ձևավորել ընկալում և բովանդակություն, որը համապատասխանում է փոփոխվող աշխարհում բավարար չափով մրցունակ լինելու համար անհրաժեշտ չափանիշներին: Հենց դա է եղել հանդիպումների հիմնական նպատակը: Մենք այդ օրակարգով ենք առաջ շարժվել և այդ թվում ուղերձներ ենք փոխանակել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային զուգահեռ տեղի ունեցող քննարկումներում կարևորվել և ընդգծվել են Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները: Նա շատ կարևոր համարեց, որ, ի հեճուկս բոլոր բարդությունների և դժվարությունների, ՀՀ–ն շարունակում է միջազգային հանրության շրջանում պահպանել և ամրապնդել ժողովրդավար և ժողովրդավարական բարեփոխումները հետևողականորեն շարունակող երկրի համարումը: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը կշարունակի այդ տրամաբանությամբ առաջ գնալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում