Տնտեսություն

Տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը. վարչապետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,  1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ անցկացվող «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» խորագրով նիստի ընթացքում։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց թվայնացման ժամանակակից իրողություններում այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է չորս ազատությունների արդյունավետ գործունեությանը, ինչպես նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը։ 

««Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմիններն ամուր հաստատվել են մեր առօրյա կյանքում, և մենք ապրում ենք մի իրականությունում, որին բնորոշ են տեխնոլոգիական բեկումները։ Սակայն շատ կարևոր է հետ նայել և տալ «թվային փոխակերպում» հասկացության սահմանումը:

Ինձ համար «թվային փոխակերպում» տերմինն առաջին հերթին նշանակում է գործառնական գործընթացներում հասնել արդյունավետության և ճկունության՝ անալոգային տվյալներից թվային տվյալներին անցնելու միջոցով: 

Ցանկանում եմ շեշտել, որ այս սահմանումը, իհարկե, ենթադրում է նաև կառավարությունների գործունեությունը, սակայն շեշտը պետք է դրվի ամբողջ հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է բխի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետությունից, ոչ թե հակառակը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար նախորոշում ընդունվեց թվային ճարտարապետությունը խարսխել երկու կարևոր սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն:

«Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է։

Գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին։ Այս համատեքստում կընդգծեմ ոչ միայն առանձին խնդիրների թվայնացման անհրաժեշտությունը, այլ նաև այնպիսի ծառայությունների ստեղծման, որոնք կբավարարեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական կարիքները և կապահովեն արագ արձագանքում նրանց կյանքի կարևոր իրադարձություններին»,- շեշտեց Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական և մատչելի տվյալներ՝պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար: Ըստ Փաշինյանի՝ սա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ:

«Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Այս համակարգը հիմնված է պետական կառույցների և, ամենակարևորը, քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև վստահության վրա:  

Տվյալների վստահելի պահպանումը թույլ է տալիս տարբեր պետական գերատեսչություններին ապավինել միմյանց տեղեկատվությանը՝ առանց դրանցով փոխանակվելու կամ դրանք կրկնօրինակելու անհրաժեշտության: Սա թույլ կտա փոխարինել փաստաթղթերի փոխանակումը և ապահովել կարևոր իրավական տվյալների հասանելիություն՝միաժամանակ պահպանելով տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման անվտանգության և ազգային կանոնակարգերը: 

Տվյալները կպահվեն ազգային հատվածներում և հասանելի կլինեն միայն միջսահմանային ձևաչափով՝ հարցման առկայության դեպքում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ բիզնեսի համար այս գործընթացը կարող է բարելավել անդրսահմանային առևտրի և անուղղակի հարկերի վճարման եղանակը: 

«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ մի պետության տարածքից մեկնելու պահից ապրանքների խմբաքանակի տեղաշարժի վերաբերյալ թվային տվյալների ամբողջությունը հասանելի և հետագծելի է դառնում մեկ այլ պետության լիազորված մարմինների համար 24/7 ռեժիմով, նույնիսկ մինչև դրա նշանակման վայր հասնելը:

Անուղղակի հարկերի ամբողջական վճարումը, ապրանքաշրջանառության օրինականությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողությունը, որակի և անվտանգության համապատասխանության ապահովումը կարող է անխափան իրականացվել ուղարկող երկրի ռեեստրներում առկա իրավական նշանակալի տվյալների հիման վրա: Սա զգալիորեն կնվազեցնի վարչական ծախսերը և միևնույն ժամանակ կապահովի արտադրանքի համապատասխանությունը  բոլոր պահանջներին:

Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը։

Իհարկե, այս նորամուծությունների իրականացումը զգալի ջանքեր կպահանջի։ Այնուամենայնիվ, մենք չպետք է անտեսենք արդեն իսկ մեկնարկած գործընթացը, քանի որ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր փոխգործակցության բոլոր ասպեկտների հետագա զարգացման և կատարելագործման համար»,-եզրափակեց Փաշինյանը։ 

 

Հայերեն العربية English Español Русский

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/04/25