Տնտեսություն

ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու է, պետք է զարգացնել ինտենսիվ այգեգործությունը. Պապոյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու է, պետք է զարգացնել ինտենսիվ այգեգործությունը. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հայաստանում ցորենի արտադրությունը համարում է տնտեսապես ոչ ձեռնտու, փոխարենը կարևորում է ինտենսիվ այգեգործության զարգացումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: 

Անդրադառնալով պետության կողմից աշնանացան ցորենի սերմերի գնի սուբսիդավորման դադարեցմանը՝ Պապոյանը պարզաբանեց. «Հաշվարկներ ենք անում և իրականացնում ենք տնտեսապես նպատակահարմար ծրագրերը: Եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, չենք իրականացնում: Դրա փոխարեն տնտեսապես նպատակահարմար այլ ծրագիր ենք իրականացնում: Հայաստանի Հանրապետությունում ցորենի արտադրությունը տնտեսապես «ձեռք չտվող» գործընթաց է: Օրինակ՝ 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420 հազար դրամ»: 

Նա ընդգծեց, որ աշխարհում ոչ մի երկիր չի կարող ամեն ինչ արտադրել: Ըստ նախարարի՝ Հայաստանում պետք է զարգացնել ինտենսիվ այգեգործությունը, որը շատ ավելի եկամտաբեր գործընթաց է:

«Շատ վատ տնտեսական քաղաքականություն կլինի, և ես շատ կքննադատեմ որևէ տնտեսական քաղաքականություն մշակողի, որը ՀՀ սահմանափակ հողային ռեսուրսն ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի, օրինակ, ցորենի արտադրության մեջ»,-ասաց Պապոյանը:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում