Տնտեսություն

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է․ Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է երկրի մրցունակությունն ու դիմադրողականությունն ավելացնելու համար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Մեզ համար տնտեսության դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է հետևյալ տրամաբանության մեջ՝ առհասարակ էական չէ և կապ չունի, թե մեր երկրի առևտուրը որ երկրի հետ ինչքան կլինի: Եթե մեր երկրի առևտուրը, օրինակ, ԱՄՆ–ի հետ լիներ 80 տոկոս, մնացած աշխարհի հետ՝ 20, ես նորից կխոսեի դիվերսիֆիկացիայի մասին: Լիներ մեկ այլ պետության հետ 80 տոկոս, մյուսների հետ՝ 20 տոկոս, ես նորից կխոսեի այդ մասին: Դիվերսիֆիկացիան գործընթաց է, որի արդյունքում արտահանումն ու ներմուծումը ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տեղերից է կախված»,-ասաց Պապոյանը:

Նախարարն ընդգծեց, որ աշխարհում այդ առումով բացարձակ ինքնաբավ պետություններ չկան, բոլոր պետություններն իրենց արտադրանքն արտահանում են և ներմուծում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է: 

«Այս գործընթացում որքան շատ տարբերակներ ես ունենում, այնքան քո տնտեսական, պարենային և մնացած տեսակի անվտանգությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Սա շատ տրամաբանական քայլ է: Հետևաբար, դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը կենսական անհրաժեշտություն է մեր երկրի մրցունակությունն ու դիմադրողականությունն ավելացնելու, ոչ թե ուրիշ բաների պատրաստվելու համար»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ թե որ երկրի հետ ինչպիսի հարաբերություն կլինի, այդ ռազմավարությունը բոլոր ժամանակների կառավարությունների համար թիվ մեկ առաջնահերթություն է լինելու:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում