Քաղաքականություն

Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա շարունակել մնացած հարցերի քննարկումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին՝ վարչապետը տեղեկացրեց, որ Հայաստանը երեկ՝ օգոստոսի 30–ին նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին:

«Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում մենք ունենք 17 հոդված: Դրանցից 13–ը՝ ներառյալ նախաբանը, լիարժեք համաձայնեցված են: Եվս 3 հոդված բաղկացած է 1–ից ավելի նախադասությունից: Եվ այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Մեր առաջարկի էությունը հետևյալն է՝ վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածներն ու ձևակերպումները և դա ստորագրել որպես խաղաղության պայմանագիր: Ինչու ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները: Այսպես թե այնպես, մենք կամ երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ խաղաղության կամ որևէ պայմանագիր, որ բոլոր հնարավոր հարցերը կարգավորի»,–ասաց Փաշինյանը:

Այսպիսով Հայաստանն առաջարկում է ստորագրել և վավերացնել այն, ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, մնացած բոլոր հարցերի քննարկումը շարունակել: 

Վարչապետը նշեց՝ ենթադրվում է, որ այդ պայմանագրի ստորագրումից հետո նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, ինչը լրացուցիչ հարթակ կդառնա՝ բոլոր հնարավոր հարցերը քննարկելու համար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում