Տնտեսություն

2024-ի յոթ ամիսներին ՀՀ տնտեսական ցուցանիշների աճը պահպանվել է

4 րոպեի ընթերցում

2024-ի յոթ ամիսներին ՀՀ տնտեսական ցուցանիշների աճը պահպանվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների աճը շարունակվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական ցուցանիշների ամփոփագրում:

Ըստ այդմ, հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.6 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի տվյալը: Հունիսի համեմատ հուլիսին գրանցվել է 5.6 տոկոսի աճ: Իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ աճը 6.2 տոկոս է:

Այս տարվա 7 ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 15.7 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 636 մլրդ 156.3 մլն դրամ: Հուլիսին, հունիսի համեմատ, աճը կազմել է 2 տոկոս, իսկ նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցվել է 2.2 տոկոսով: Հուլիսին թողարկվել է 228 մլրդ 288.1 մլն դրամի արդյունաբերական արտադրանք:

Շինարարության ծավալը հունվար-հուլիս ամիսներին 16.1 տոկոսով գերազանցելով 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմել է 259 մլրդ 373.5 մլն դրամ: 2024-ի հունիսի համեմատ գրանցվել է 11.6, իսկ նախորդ տարվա հուլիսի՝ 17.7 տոկոսի աճ: Հուլիսին շինարարության ծավալը եղել է 57 մլրդ 358 մլն դրամ:

Առևտրի շրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 21.4 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 302 մլրդ 151 մլն դրամ: Հունիսի համեմատ աճը 7.3 տոկոս է, իսկ նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը գերազանցվել է 14 տոկոսով: Հուլիսին առևտրի շրջանառությունը եղել է 547 մլրդ 931.7 մլն դրամ:  

Հունվար-հուլիսին ծառայությունների ծավալն (առանց առևտրի)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալը աճել է 4.5 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 841 մլրդ 48.5 մլն դրամ: Դա 1.7 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից, սակայն 4.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի տվյալը: Այս տարվա հուլիսին ծառայությունների ծավալը գնահատվում է 278 մլրդ 997.7 մլն դրամ: Նշվում է, որ ներկայացված ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ծավալների ճշգրտմամբ:

Սպառողական գների ինդեքսը հունվար-հուլիս ամիսներին 0.3 տոկոսով ցածր է եղել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս տարվա հունիսի համեմատ այն նվազել է 0.4 տոկոսով: Նախորդ տարվա հուլիսի համեմատ գրանցվել է 1.4 տոկոսի աճ:

Ընթացիկ տարվա 7 ամիսներին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածի համեմատ աճել է 2.8 տոկոսով: Հունիսի համեմատ գները նվազել են 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել են 3.7 տոկոսով:

Հունվար-հուլիս ամիսներին արտադրվել է 1.1 տոկոսով ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ տարվա  նույն ժամանակահատվածում՝ կազմելով 4 մլրդ 991.7 մլն կիլովատ ժամ: Հուլիսին՝ հունիսի համեմատ, էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 15.6 տոկոսով: Նախորդ տարվա հուլիսի համեմատ աճը 4.7 տոկոս է: Հուլիսին արտադրվել է 700.4 մլն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա:    

Սույն ցուցանիշում, ինչպես հայտնում է ՀՀ վիճկոմը, ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիան: Համադրելիության ապահովման նպատակով աճի տեմպերը հաշվարկելիս նախորդ ժամանակաշրջանների համանուն ցուցանիշներում (դեկտեմբեր՝ 800.0, հունվար՝ 871.7, փետրվար՝ 804.0, մարտ՝ 740.9, ապրիլ՝ 622.9, մայիս՝ 590.9, հունիս՝ 639.8, հուլիս՝ 668.6 մլն կիլովատ ժամ) այն ևս ներառված չէ: Վերջինիս ներառմամբ ցուցանիշը կհրապարակվի «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցում:

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվել:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում