Սպորտ

Սևանի ափին երրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

5 րոպեի ընթերցում

Սևանի ափին երրորդ տարին անընդմեջ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Միակ սահմանափակումն այն էր, որ մասնակիցները պետք է ընդգրկված չլինեին լողի միջազգային սանդղակում և վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցած չլինեին Հայաստանի առաջնություններին ու միջազգային մրցաշարերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևանա լճի ափին սիրողական լողի մրցաշարն անցկացվեց կանանց ու տղամարդկանց երկու տարիքային խմբերով`18-ից 40 տարեկան և 40-ից բարձր տարիքի (ընդհանուր թվով 137 մասնակից, որոնցից 52-ը՝ կին): Մրցաշարին մասնակցեցին լողորդներ ՀՀ բոլոր մարզերից: Այդուհանդերձ նրանց թվում գերակշռում էին Երևանից ժամանած մարզիկները:

Կանայք հաղթահարեցին 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածքը: Մասնակիցներին խրախուսելու նպատակով սահմանվել էին նաև դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերում՝ առաջինից 10-րդ տեղերը գրաված մասնակիցների համար: Ըստ այդմ 1-ին տեղ՝ 1.000.000, 2-րդ տեղ՝ 500.000, 3-րդ տեղ՝ 300.000, 4-րդ տեղ՝ 100.000, 5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն: 

Խրախուսական մրցանակներ էին սահմանվել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցների համար: Ամենատարեց կին մասնակից, 81-ամյա Ելիզավետա Վարդանյանը տեղեկացրեց, որ 9-րդ դասարանից զբաղվում է մարզաձևով և մշտապես մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին, որովհետև սպորտը երկարակեցության ամենակարևոր գրավականներից մեկն է: Նրա խոսքով՝ նման միջոցառումները ոգևորիչ են և մեծ արձագանք են գտնում սիրողական լողով զբաղվողների շրջանում: Նրա հետ համամիտ էր ամենատարեց տղամարդ մարզիկը՝ 83-ամյա Հակոբ Թութունջյանը, ով երիտասարդական խանդավառությամբ եկել էր մասնակցելու մրցաշարին: 

Խոսելով միջոցառման մասին՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշեց, որ մրցաշարն արդեն կայացած է, մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: 

«19 հոգու թույլ չենք տվել մասնակցել մրցաշարին, քանի որ նրանք լողի գործող մարզիչներ են, իսկ մրցաշարը սիրողական է: Որպեսզի մրցակցությունը լինի արդար և ճիշտ, Հայաստանի լողի ֆեդերացիան  որոշել է գործող մարզիչներին թույլ չտալ մասնակցելու այս մրցմանը: Լողի ֆեդերացիայի նպատակային աշխատանքի շնորհիվ՝ մասնակիցների թիվը հետզհետե ավելանում է: Մենք, կառավարության որոշմամբ, Հայաստանում իրականացնում ենք լողավազանների կառուցման ծրագիր: Երբ այն ամբողջությամբ կյանքի կոչվի, մի քանի տարի հետո այս ավանդական դարձած մրցաշարի մասնակիցների թիվը մի քանի անգամ կբազմապատկվի: Լողը գնալով մեր երկրում դառնում է ավելի մասսայական մարզաձև: Թեև մրցաշարի մասնակիցների աշխարհագրությունն առայժմ այդքան էլ մեծ չէ և մասնակցում են հիմնականում այն բնակավայրերի մասնակիցները, որտեղ կան ջրավազաններ ու լողավազաններ, սակայն վերոհիշյալ ծրագրի իրականացմամբ այդ խնդիրն էլ կլուծվի, և մենք ամեն տարի Սևանի ափին կտեսնենք ավելի հոծ բազմություն»,- ասաց Գիլոյանը:

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ մասնակիցների համար կազմակերպվում է նաև պարտադիր ընտրական փուլ: Լողի ֆեդերացիան խստորեն ստուգում է նրանց ֆիզիկական ունակություններն ու առողջական վիճակը, որովհետև Սևանում, բաց ջրի պայմաններում, լողալն այդքան էլ հեշտ չէ:  

Լողափին միանշանակ տիրում էր տոնական մթնոլորտ: Եթե շատերը չէին համարձակվում մտնել ջուրը, ապա գոնե մեծ հետաքրքրությամբ եկել էին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջը, որպեսզի ապագայում մրցաշարին մասնակցելու քայլեր ձեռնարկեին:

18-ից 40 տարեկան կանանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Անահիտ Բարսեղյանը, երկրորդ տեղը՝ Կիռա Ամաևան, երրորդը՝ Անի Ավետիսյանը: 40 տարեկանից բարձր տարիքի կանանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղը գրավեց Յուլիա Միխեևան, իսկ երրորդը՝ Ռուզաննա Հովասափյանը: 18-ից 40 տարեկան տղամարդկանց մրցաշարում առաջին տեղը գրավեց Մկրտիչ Ոսկանյանը, երկրորդ տեղը՝ Կարեն Երանոսյանը, երրորդը՝ Շահեն Խոնդկարյանը: 40 տարեկանից բարձր տարիքի տղամարդկանց մրցաշարում հաղթող ճանաչվեց Անդրանիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը գրավեց Արմեն Հանեսօղլյանը, իսկ երրորդը՝ Ռայմոնդ Հակոբյանը:

Մրցաշարին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կարևորելով մասսայական սպորտի դերը հասարակական կյանքում՝ նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին և վերջում անձամբ պարգևատրեց հաղթողներին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում