Տնտեսություն

Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին արձանագրությունը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները սահմանող արձանագրության վավերացման մասին օրենքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։ 

Հաղորդվում է, որ դրանով փոփոխություններ են կատարվում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում։  

Արձանագրությունը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից և ներկայացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը։ Այն առանձնացնում է արտաքին էլեկտրոնային առևտրի միջոցով գնված ապրանքներն առանձին կատեգորիայի մեջ և որոշում այդպիսի առևտրի կարգավորման առանձնահատկությունները։ Միաժամանակ ներդրվում է նոր ինստիտուտ՝ էլեկտրոնային առևտրի օպերատոր, որը համատեղում է լոգիստիկ օպերատորի և մաքսային ներկայացուցչի գործառույթները։

Բացի այս, արձանագրությունը ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունք է տալիս սահմանել ավելացված արժեքի հարկ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար։ Այն նաև նախատեսում է անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծման համար անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում