Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Փաուերի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում տարբեր ոլորտներում համագործակցության կարևորությունը: 

ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը բարեփոխումների ուղղությամբ:

Սամանթա Փաուերը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է հետևողականորեն աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման, զարգացման, ինչպես նաև Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղության:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի հեռանկարների շուրջ: Կարևորվել է Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի և ինստիտուցիոնալ կարողությունների, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը, փոխգործակցության առավել ընդլայնումը և խթանումը: Նշվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն 5 մլն դոլար նոր ֆինանսավորում է տրամադրելու՝ աջակցելու «Ամազոն վեբ սերվիսի» և Կառավարության համագործակցությանը՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագրին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում