Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված հերթական նշանակալի միջոցառումն անցկացվեց Երևանում: Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակիցներն անդրադարձան երկու հնագույն բարեկամ ժողովուրդների քաղաքակրթական կապերի զարգացման ընթացիկ հարցերին և հեռանկարներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցեցին և հայ-չինական հարաբերությունների տարբեր ծալքերի մասին զեկույցներով հանդես եկան ոլորտի հեղինակավոր մասնագետներ, գիտնականներ, նաև՝ Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը: Ներկաներին տեսաուղերձով ողջունեց Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը:

Դեսպան Ֆան Յոնը իր ելույթում գոհունակությամբ արձանագրեց հայ-չինական հարաբերությունների կառուցվածքային բնույթը և բովանդակալից փոխգործակցությունը հատկապես գիտության ու մշակույթի ոլորտում: Նա ուրախությամբ նշեց, որ Հայաստանում գնալով աճում է չինարեն ուսումնասիրողների թիվը, նաև հետաքրքրությունը Չինաստանի պատմության և մշակույթի նկատմամբ: Փոխադարձաբար Չինաստանում էլ հետաքրքրված են Հայաստանի, հայ ժողովրդի պատմությամբ, մշակույթով, համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում թողած խորը հետքով:

Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանն այդ հանգամանքին ուշադրություն հրավիրեց նաև «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում: 

«Հայաստանի և Չինաստանի միջև հումանիտար համագործակցությունը մեր հարաբերությունների վառ կետն են դարձել: Հայաստանում օրեցօր աճում է հետաքրքրությունը չինարենի և Չինաստանի մշակույթի նկատմամբ: Կարելի է ասել, որ դրանում մեծ է Հայաստանի ԿԳՄՍ նախարարության ներդրումը, որը միշտ աջակցում է այդ հարցում: Պետք է նշեմ նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությունը: Այժմ Հայաստանում չինարեն է ուսումնասիրում ավելի քան 5 հազար ուսանող: Գործընթացն իրականացվում է ոչ միայն համալսարաններում, այլև դպրոցներում»,- նշեց Ֆան Յոնը:

Անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային երկխոսությանը՝ Ֆան Յոնը նշեց, որ ներկայումս Չինաստանը խթանում է համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը ներգրավված երկրների հետ՝ հատկապես կարևորելով փոխգործակցությունը կրթության ոլորտում։

«Այսօրվա միջոցառումը նույնպես նվիրված է դրան, հետևաբար կարելի է ասել, որ սա մեծ իրադարձություն է երկու երկրների համար։ Մեր երկրները պարբերաբար կազմակերպում են մշակութային տարբեր միջոցառումներ: Պետք է շարունակենք նույն ոգով համագործակցել: Կարծում եմ՝ ապագայում կունենանք ավելի սերտ համագործակցություն»,- ընդգծեց դեսպանը:

Ֆան Յոնը փաստեց, որ Չինաստանում շատերն են հետաքրքրված Հայաստանի մշակույթով։ Նշվեց, որ նախորդ տարի Չինաստանում անցկացվել է մեծանուն Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի մրցույթ, կազմակերպվել են մի շարք համերգներ։ 

«Շուտով Հայաստանում նույնպես կանցկացվի Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի մրցույթ, որին կժամանեն բազմաթիվ մասնագետներ Չինաստանից»,- տեղեկացրեց նա։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Լիլիթ Հարությունյանը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշեց. 

«Մեր ինստիտուտը զգալի աշխատանք է իրականացնում գիտական դիվանագիտության ուղղությամբ: Մշակութային դիվանագիտությունը, լինելով գիտական դիվանագիտության կարևոր ուղղություններից, միտված է տարբեր երկրների հասարակությունների միջև համագործակցության տարբեր ձևաչափերի մշակմանը: Արևելագիտության ինստիտուտն իր բազմոլորտ հետազոտական ուղղությունների շարքում հատուկ ուշադրություն է դարձնում Չինաստանի հետազոտությանը, որն իրականացվում է ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնում»:

Տնօրենի դիտարկմամբ՝ լեզուն մշակութային դիվանագիտության և երկխոսության կարևոր գործիքակազմերից է: Այդ առումով նշվեց, որ Չինաստանում ուսանած հայ ուսանողները վերադառնալով Հայաստան՝ մեծապես նպաստում են հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

ԳԱԱ Հասարակագիտության և հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը չափազանց ուշագրավ համարեց գիտաժողովի թեման՝ նշելով, որ մշակութային երկխոսությունը կնպաստի, որպեսզի երկու ժողովուրդների և երկրների միջև ապագայում ստեղծվեն ավելի կայուն տնտեսական և քաղաքական հարաբերություններ:

«Հայ և չին ժողովուրդների միջև առաջին շփումները սկսվել են դեռևս 2-րդ դարից: Այդ հարաբերությունները եղել են առևտրական՝ հայերը զբաղվել են մետաքսի առևտրով: Մինչև միջնադարը մեր ժողովուրդն ունեցել է 1500 տարվա պետականություն, սակայն այդ ընթացքում Չինաստանի հետ միջպետական հարաբերություններ չենք ձևավորել: Միայն 1992 թվականից հետո, երբ Հայաստանը դարձյալ անկախացավ, մեր երկրների միջև ստեղծվեցին միջպետական հարաբերություններ և այսօր ունենք չորս տասնյակից ավելի կնքված համաձայնագրեր, ինչը բավարար հիմք է ավելի ակտիվացնելու հարաբերությունները տնտեսության և այլ ասպարեզներում: Կարծում եմ՝ գիտության և մշակույթի ասպարեզում նույնպես պետք է ակտիվացնենք մեր շփումները, ինչն անպայման կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանը»,- նշեց Յուրի Սուվարյանը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ, ըստ էության, Հայաստանի և Չինաստանի միջև մշակութային երկխոսությունը արծարծվող նոր թեմա է: 

«Շատ կարևոր է հասկանալ, որ չին-հայկական հարաբերությունների այս ոլորտում առկա է բավականին մեծ ներուժ: Հիմա կատարվում է, օրինակ, ուսանողների փոխանակում: Չինարենի շատ լավ մասնագետներ ունենք, որոնց ներուժը ևս բացահայտված չէ: Կան շատ լավ նախապայմաններ զբոսաշրջությունը կազմակերպելու համար: Այս բոլոր հումանիտար ոլորտներն առանձին-առանձին ենթակա են գույքագրման»,- ասաց Գոռ Սարգսյանը:

Նա հայտնեց նաև, որ այս գիտաժողովին այս տարի կհաջորդեն տեղական մակարդակի մի շարք մշակութային միջոցառումներ:

Նշվեց նաև, որ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտը տարեցտարի ընդլայնում է իր ծրագրերի ցանկը՝ ընդգրկելով ավելի մեծ և կարևոր ծրագրեր: Որոշակիորեն փոխվել է նաև ինստիտուտի աշխատանքի մոդելը՝ մշակութայինից տեղափոխվելով գերազանցապես գիտակրթական հարթություն:

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն