Հայաստանում 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ. ՄՊՀ նախագահ

9 րոպեի ընթերցում

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցային հավասար պայմաններն անչափ կարևոր գործոն են յուրաքանչյուր երկրի զարգացման ու նրա բնակչության բարեկեցության ապահովման համար: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առանցքային այդ միտքը բազմիցս հնչեց հունիսի 18-ին Երևանում անցկացված «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովում: Բանախոսներն արձանագրեցին, որ թեպետ այդ ուղղությամբ Հայաստանում կա նկատելի տեղաշարժ, սակայն քիչ չեն նաև անելիքները:

Համաշխարհային բանկի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի շրջանակում կազմակերպված ամփոփիչ միջոցառման ընթացքում աշխույժ քննարկում ծավալվեց խորագրում արտացոլված ձևակերպումների շուրջ: Աշխատաժողովն ուղեկցվեց պանելային քննարկումներով, որոնց մասնակցեցին Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Եվրամիության պատվիրակության, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս իրականացվում են մրցակցային ոլորտում Հայաստանում իրականացված գործընթացների գնահատման աշխատանքներ: «Մրցակցությունը բավականին դժվար ոլորտ է բարեփոխումներ իրականացնելու համար. այստեղ իրավական բարեփոխումները պետք է ուղեկցվեն ակտիվ իրավակիրարկման կամ իրավունքի քաղաքականության կիրառման միջոցառումներով: Տվյալները ցույց են տալիս, որ բավականաչափ առաջընթաց է գրանցվել այդ ուղղությամբ, սակայն հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, որպեսզի պարզենք, թե ինչ առաջընթաց է եղել: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ ուսումնասիրություն ենք կատարում ապրանքային շուկաներում, որպեսզի պարզենք, թե կարգավորմանն առնչվող ինչպիսի արգելքներ, խոչընդոտներ, ինչպես նաև ինչպիսի համակենտրոնացում կա այնտեղ: Գիտենք, որ համակենտրոնացման մակարդակը նվազել է, սակայն բարելավման տեղ կա:

Իրականացված մյուս կարևոր աշխատանքը վերաբերում է պետական օժանդակությանը: Վերջին տարիներին այդ ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Պետական օժանդակության տրամադրման ժամանակ իրականացվում է ավելի մանրակրկիտ գնահատում, որովհետև դա շուկան աղճատելու մեծ ներուժ ունի: Սա շատ կարևոր աշխատանք է»,- նշեց Կարոլին Գեգինատը:

Նա ընդգծեց, որ մրցակցությունը չափազանց կարևոր է տնտեսության համար, որովհետև դրա միջոցով ապրանքների գները նվազեցնելու հնարավորություն է ընձեռվում, որն էլ կարող է խթանել արտադրողականության աճը և նպաստել նորարարության զարգացմանը: «Դա անչափ դժվար է Հայաստանի պայմաններում, որը փակ շուկայով և փակ սահմաններով երկիր է: Այստեղ ավելի է կարևորվում քաղաքականության կիրարկումը, որպեսզի հնարավոր լինի օգուտները քաղել:

Կարոլին Գեգինատը հայտնեց, որ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում Հայաստանը պարտավորություն է ստանձնել ներդաշնակեցնելու իր և ԵՄ իրավակարգավորումները: Նա շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ այս աշխատանքները ֆինանսավորելու, իսկ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն էլ արձանագրեց, որ մրցակցության սկզբունքների հաստատման առումով Հայաստանում իրավիճակը լավագույնը չէ՝ շատ հարցեր ունեն շտկման կարիք:

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողներին հայտնեց, որ հաշվետու միջոցառումն առնչվում է պետական օժանդակության և պետական մարմինների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ խնդիրներին:

«Երեք տարի առաջ Եվրոպական Միության և Համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ սկսեցինք կարգավորել պետության կողմից ցանկացած տեսակի ֆինանսական օժանդակություն, որը ֆիզիկական, իրավաբանական անձանց մոտ կամ որևէ ոլորտում կարող է առաջացնել ոչ հավասար մրցակցային պայմաններ: Օրինակ, պատկերացրեք պետությունը գումար է տալիս մի սեկտորի կամ ինչ-որ անձանց խմբի՝ սուբսիդավորում է ինչ-որ ապրանքի ներմուծում: Այդ դեպքում մյուսները բնականաբար հայտնվելու են անհավասար մրցակցային դաշտում:

Մեր գործունեության երկրորդ ուղղությունը վերաբերում է պետական մարմնի հակամրցակցային գործողություններին: Դեռ 2018 թվականին ազդարարել ենք, որ հետևելու ենք պետական մարմինների կայացած որոշումներին, գործողություններին, անգործությանը, այն ամենին, որը կարող է հանգեցնել մրցակցային խնդիրների»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս 19 ավարտված վարույթ կա պետական մարմինների դեմ: «Պետական գրեթե բոլոր մարմինների, նախարարությունների դեմ ունենք վարույթներ»,- հայտնեց ՄՊՀ նախագահը:

Դրանցից առավել հնչեղներին անդրադառնալու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին՝ Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Ունեցանք վարույթներ կապված խաղային ոլորտի, արգելված գովազդի հետ: Ուրախությամբ նշեմ, որ բիզնեսի գործընկերներն ընդունեցին բացերը և հիմա ամբողջությամբ փոխում են իրենց քաղաքականությունը: Այսօր արդեն պատասխանների ենք սպասում առևտրային ցանցերի կողմից մատակարարներին իրականացվող վճարումների վերաբերյալ: Կարծում եմ՝ շուտով կավարտենք նաև գյուղմթերքի վճարումների հետ կապված հարցադրումները: Սրանք, կարծում եմ, այն հարցերն են, որոնք հետաքրքրում են հասարակության լայն զանգվածներին: Ուրախությամբ պետք է նշեմ, որ գյուղացիական տնտեսությունների կուտակած պարտքերը բավականին ցածր են՝ կառավարության սուբսիդավորման ծրագրերը զգալիորեն մեղմել են այդ հարցը: Լիահույս եմ, որ մի քանի ամսվա ընթացքում այս հարցը մեկընդմիշտ կփակենք»:

Գեղամ Գևորգյանը ընդգծեց, որ կառավարության գործընկերների հետ իրենց աշխատանքը գտնվում է «երանելի բարձրության վրա»: Նա հավաստիացրեց, որ պետական բոլոր գերատեսչությունները և կառույցները անմիջապես արձագանքում են իրենց հարցադրումներին: «Կարող եմ միանշանակ ասել, որ այս հինգ տարվա ընթացքում, ինչ հանձնաժողովի նախագահ եմ, որևէ խոչընդոտ չի գրանցվել»,- հավաստիացրեց պաշտոնյան:

Նշվեց, որ ՄՊՀ-ն ապահովված է աշխատանքային անհրաժեշտ ուղեցույցներով և մեթոդական ձեռնարկներով: 

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

Կարոլին Գեգինատ «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

Ֆրանկ Հեսս «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

Գեղամ Գևորգյան «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

«Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողովը

 

Հայերեն

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների և երիտասարդների «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի հայտերի ընդունումը

Իսրայելի կողմից Լիբանանի հարավի գնդակոծության զոհերի թիվը հասել է 24-ի

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը

ԵՄ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Սերբիայում ցուցարարներն արգելափակել են խոշոր տրանսպորտային հանգույց

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից

Եղիշե Մելիքյանը մնում է «Փյունիկ»-ում

Նիդեռլանդներում հափշտակված ռումինական ցուցանմուշների արժեքը հասնում է գրեթե 6 միլիոն եվրոյի

Տվյալ պատգամավորի մի շարք արարքներում առկա են ոչ իրավաչափ վարքագծի հատկանիշներ. ՄԻՊ գրասենյակն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը