Հայաստան

Նախորդ տարի «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան

2 րոպեի ընթերցում

Նախորդ տարի «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 միլիարդ դրամ, իրականացվել է 60 ծրագիր. Հայկակ Արշամյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղական հանձնախմբերից և անհատներից «Հայաստան» համահայկական հիմնադրամի կենտրոնական հաշիվներին փոխանցված գումարները և նյութական նվիրատվությունները 2023 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, կազմել է 7 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Նույն տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 4,7 միլիարդ դրամ կամ 12 միլիոն դոլար արժողությամբ շուրջ 60 խոշոր և փոքր ծրագիր։

Ցանկանում եմ նշել, որ 2023 թվականի ընթացքում համապարփակ ֆինանսական արդյունքը դրական է արձանագրվել՝ կազմելով ընդհանուր 652 միլիոն 140 հազար դրամ՝ ի տարբերություն 2022 թվականի բացասական արդյունքի, այն է -864 միլիոն 977 հազար դրամ, ինչը պայմանավորված էր այդ տարում արտաժույթում արձանագրված կտրուկ տատանումներով»,- նշեց նա։

Արշամյանի խոսքով՝ հաշվետու տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը բազմաբնույթ են, մեծամասամբ տեղակայված մարզերում և հատկապես սահմանային համայնքներում։

«Ոլորտները բազմաթիվ են՝ հրատապ հումանիտար ծրագրեր, որոնք ուղղված էին Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ապա նաև բռնի տեղահանվածներին: Երկու նոր բազմաբնակարան շենք՝ Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6 առանձնատուն՝ Ներքին Խնձորեսկում: Վերականգնվող էներգիայի բազմաթիվ ծրագրեր, արևային ֆոտովոլտային կայաններ սահմանային համայնքներում, բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարման ծրագրեր: Կրթական ծրագրեր՝ երկու մանկապարտեզի կառուցում և ևս մեկի բարեկարգում, երաժշտական դպրոցի կառուցում: Առողջապահական ծրագրեր՝ երկու հիվանդանոցի և մեկ ամբուլատորիայի կառուցում: Սոցիալական կարևոր նախագծեր՝ ուղղված տարբեր թիրախային խմբերին և տարիքներին, նպատակային ծրագրեր՝ ուղղված մշակույթին և հատկապես արվեստներին: Լիբանանի և Սիրիայի հայկական հաստատություններին աջակցություն և այլն»,-թվարկեց Արշամյանը։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում