ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական «Մեհր Մեդիա Գրուպ» ընկերության և «Արմենպրես» պետական լրատվական գործակալության միջև առցանց տարբերակով կնքվեց փոխըմբռնման հուշագիր։
Այդ նշանակալից իրադարձության և ակնկալվող համագործակցության առթիվ «Մեհր Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մոհամադմահդի Ռահմաթին մասնավորապես նշեց, որ հուշագիրը նշանավորում է սերտ և արդյունավետ համագործակցության սկիզբը:
««Արմենպրես»-ը, լինելով Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունը, որն ունի ավելի քան 105 տարվա պատմություն, կարևոր և ազդեցիկ լրատվամիջոց է երկրում։ Ես ուրախացա նաև՝ տեսնելով, որ պարսկերեն բաժին ունեք։ Իրանը և Հայաստանը միշտ պահպանել են սերտ, ջերմ և բարեկամական հարաբերություններ։ Լրատվական ու մշակութային դաշտում, սակայն, նման նշանակալի և ուշագրավ ակտիվություն չի եղել։ Այժմ մենք շատ գոհ ենք, որ կարող ենք քայլ անել՝ շարունակելով երկու երկրների միջև առկա ջերմ ու երկարամյա հարաբերությունները՝ խթանելով նաև լրատվական ու մշակութային համագործակցությունը»,- ասաց «Մեհր Մեդիա Գրուպ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։
Նրա խոսքով՝ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել մեր տարածաշրջանում վերջին երկու տարիների ընթացքում, Իրանի հանրությանն ավելի զգայուն են դարձրել տարածաշրջանի նկատմամբ: Ռահմաթին համոզմունք հայտնեց, որ հայաստանյան հանրությունը նույնպես առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այդ կարևոր խնդրին։
«Բարեբախտաբար, մեր մեդիա հարաբերություններն ու համագործակցությունը կարող են ապահովել, որ երկու երկրների հասարակություններն առաջին ձեռքից և ավելի ճշգրիտ լուրեր ստանան միմյանց և կարևոր թեմաների մասին: Նույնը վերաբերում է նաև ընդհանուր այլ հարցերի։ Հատկանշական է, որ մեր համագործակցության միջոցով մենք կարող ենք միմյանց մասին տարածել հավաստի լուրեր։ Իրանը և Հայաստանը հաճախ թշնամական երկրների լրատվամիջոցների կողմից ենթարկվում են կեղծ տեղեկատվության տարածման: Դա երկու ժողովուրդների միջև թյուրիմացությունների և ոչ ճիշտ ընկալումների է հանգեցնում։ Հուսով եմ, որ մեր կապը և համագործակցությունը կհաղթահարեն այդ խնդիրը և կշտկեն թյուրիմացությունները։ Վստահ եմ, որ այս նշանակալից իրադարձության շնորհիվ այսօր հիշարժան և կարևոր օր է մեր երկու լրատվամիջոցների պատմության մեջ»,- ասաց Մոհամադմահդի Ռահմաթին։
«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանն իր հերթին նշեց, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նոր հանգրվան է ինչպես երկու հաստատությունների պատմության մեջ, այնպես էլ Հայաստանի ու Իրանի լրատվամիջոցների համագործակցության ավելի լայն համատեքստում:
«Ժամանակակից աշխարհում, որտեղ լրատվամիջոցները և սոցիալական հարթակները կյանքի վերափոխման և որոշումների վրա ազդեցության կարևոր դերակատարներ ու գործիքներ են, կարևոր է մեր լսարանին վստահելի, հուսալի և ստուգված տեղեկատվության տրամադրումը: Այս հուշագիրը պարզապես փաստաթուղթ չէ. այն սահմանում է նորությունների և տեղեկատվության դինամիկ փոխանակմանը նպաստելու փոխադարձ պարտավորություն: Որպես լրատվամիջոցներ՝ մենք հանձնառու ենք տեղեկացնել, կրթել և կապել մարդկանց՝ ջնջելով սահմանն ու մերձեցնելով մշակույթները»,- ասաց «Արմենպրեսի»-ի տնօրենը։
Նազարյանը վստահություն հայտնեց, որ գործընկերությունը, որը հիմնադրվում է այսօր, կնպաստի երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների համապարփակ լուսաբանմանը, ավելի խորը պատկերացումների ձևավորմանը:
«Վստահ եմ, որ այս համագործակցության միջոցով մենք ոչ միայն կհաղթահարենք ապատեղեկատվության և տեխնոլոգիական փոփոխությունների մարտահրավերները, այլև կսահմանենք լրագրության գերազանցության նոր չափանիշներ: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Mehr Media Gruop-ի մեր գործընկերներին՝ այս գործընկերությանն իրենց անսասան նվիրվածության համար»,- նշեց Նազարյանը։
Ողջույնի խոսքերին հաջորդեց փոխըմբռնման հուշագրի առցանց ստորագրության արարողությունը, որն, ըստ էության, լրատվական դաշտում նոր ասպարեզ է բացում հայ-իրանական փոխշահավետ համագործակցության համար։
Փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է լուրերի, լուսանկարների և տեսաբովանդակության փոխանակում, ինչպես նաև երկու լրատվամիջոցների աշխատակիցների փորձի փոխանակման ծրագրերի իրականացում։
Մանվել Մարգարյան