Հասարակական

ԿԳՄՍ նախարարը քննական կենտրոնում հետևեց միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը քննական կենտրոնում հետևեց միասնական քննությունների հիմնական փուլի մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 11-ին այցելեց Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն՝ հետևելով «Քիմիա» առարկայի միասնական քննության մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը շրջել է քննասենյակներում, հետաքրքրվել դիմորդների տրամադրվածությամբ, ընտրած մասնագիտությամբ ու ակնկալիքներով՝ հաջողություն մաղթելով մասնակիցներին։

Նախարարի հետ զրույցում դիմորդներից մի քանիսը հայտնեցին, որ հունվարին մասնակցել են նաև առաջին փուլի քննությանը, իսկ այժմ որոշել են օգտվել գնահատականը բարելավելու հնարավորությունից։

«Սա նշանակում է, որ մենք, իհարկե,հաշվի ենք առնում լարվածությունը, սթրեսը, հոգեբանական այդ միջավայրը և հենց այդ պատճառով է, որ երկրորդ հնարավորությունն ենք ընձեռել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրեասյանը։

038A1619.JPG (662 KB)

Դիմորդի՝ քննասենյակ մուտք գործելուց առաջ այս տարի կիրառվում է մետաղորսիչ ու տեխնիկական միջոցների առկայությունը ստուգող սարքավորում։

«Ամենահուսալի ճանապարհն այն է, երբ ապավինում ես գիտելիքներին, մտքին։ Հույսը դնել ոչ թե սարքերի, այլ սովորածի ու գիտելիքի վրա և գալ, գրել»,-նշեց գերատեսչության ղեկավարը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի առաջին օրը «Քիմիա» առարկայից հանրապետությունում քննություն կհանձնի 1176 դիմորդ՝ 2023 թվականի 1210-ի փոխարեն, իսկ «Ռուսերեն» առարկայից՝ 259-ը՝ անցած տարվա 313-ի համեմատ։

Ընդհանուր առմամբ գործում է 15 քննական կենտրոն, որոնից 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում