Բարսելոնայից ժամանած թատերախմբի ելույթը՝ Մարտունի համայնքում
3 րոպեի ընթերցում
![Բարսելոնայից ժամանած թատերախմբի ելույթը՝ Մարտունի համայնքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1139285.jpg)
ԳԱՎԱՌ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի Բարսելոնա քաղաքից Հայաստան ժամանած «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը ելույթ է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի երեխաների համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իսպանական թատերախումբը հանդես է եկել քաղաքի մշակույթի տան հրապարակում։
Իսպանական «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը Մարտունի քաղաք է այցելել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ:
«Մարտունի քաղաքի մշակույթի տան հրապարակում ծաղրածուներ Նաչոն, Պեպոն ու Անժին ներկայացրեցին հետաքրքիր շոու-ծրագիր և ուրախացրին փոքրիկներին։ Մշակութային ծրագիրն ուղղված էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ինտեգրմանը համայնքային կյանքին։
«Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի կարգախոսն է՝ «Մենք պատկերացնում ենք մի աշխարհ, որտեղ երեխաները կարող են զգալ վարակիչ ծիծաղ և անհոգ ուրախություն հենց այն պահերին, երբ նրանք դրա կարիքն ունեն»:
Թատերախմբի պատմությունն այսպիսին է. 1993 թվականին Բալկաններում ծավալված պատերազմի ժամանակ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կատալոնացի հայտնի ծաղրածու Տորթել Պոլտրոնան միջոցառում է կազմակերպում։ Մի փոքրիկ տղա մոտենում է ծաղրածուին և ասում, որ իր եղբայրը Խորվաթիայի փախստականների ճամբարից նամակով գրում է, որ ինքն ու իր ընկերները զարմացած են, որ երեխաները կարողանում են ծիծաղել, իրենք կարոտում են ծիծաղը։ Դա շատ է հուզում ծաղրածուին և նա որոշում է գնալ և հանդիպել 600-700 փախստական երեխայի։
Բարսելոնայի երեխաները դրամական միջոցներ են հավաքում՝ ծաղրածու Տորթելին Խորվաթիայի փախստականների ճամբարներ ուղարկելու համար: Առաջին շրջագայությունն անսպասելիորեն գրավում է ավելի քան 4000 հանդիսատես երեխայի՝ ապացուցելով, որ ճգնաժամային իրավիճակներում ծաղրածուների և զվարճանքի մեծ կարիք կա։ Խմբի շրջագայությունները հետագայում դարձան շարունակական. Իսպանիայում ստեղծվեց «Ծաղրածուներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, ու առ այսօր այն գործում է 9 երկրում՝ երկրագնդի բազմաթիվ թեժ կետերում ուրախացնելով տեղահանված երեխաներին և նրանց տեղացի ընկերներին։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաները ևս վայելեցին իսպանացի ծաղրածուների խաղը և վարակիչ ծիծաղով լցրին իրենց օրը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան