ԵՐԵՎԱՆ,11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաքոյանն իր հեղինակած նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց Ազգային ժողովի լիագումար նիստում։
Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Նախագծով առաջարկվում է հանել բոլոր բացառությունները։
Պատգամավորը նշեց, որ վաղ ամուսնությունների խնդրով տարբեր ձևաչափով հանդիպումներ է անցկացրել քաղաքացիական հասարակության, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և իրավասու մարմինների հետ և չի եղել որևէ կողմ, որոնք դեմ են եղել այդ առաջարկին։
«Վաղ ամուսնության խնդրի մասին մեզ պարբերաբար բարձրաձայնում էին և մենք ուսումնասիրություններ սկսեցինք և արդյունքում հասկացանք և նկատեցինք, որ այստեղ խնդիրը ոչ միայն վերաբերվում է եզդիական համայնքին, այլ նաև Հայաստանի շատ մարզերում այս խնդիրը գոյություն ունի և շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում էինք։ Գրանցված ամուսնությունների թիվը 2018 թվականին 18-ն է, իսկ անչափահաս միայնակ մայրերի թիվը կազմել է 151, և այս տվյալները մինչև 2023 թվականը գրեթե նույն տեմպերով շարունակվում են»,-ասաց Բաքոյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմը 18 տարեկան սահմանելը մեծամասամբ խնդիրը կկարգավորվի օրենսդրական դաշտում, սակայն միայն օրենսդրական կարգավորմամբ այն հնարավոր չէ լուծել։
«Այստեղ մեր կառավարության գործընկերները պետք է իրենց տիրույթում աշխատանքները հստակ կատարեն, որպեսզի մենք կարողանանք այս արատավոր երևույթը հանել մեր հասարակությունից»,-եզրափակեց Ռուստամ Բաքոյանը։