Հասարակական

Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ

2 րոպեի ընթերցում

Կմշակվեն բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը հունիսի 7-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մամասախլիսովը։

Համագործակցության շրջանակում փորձագետների ներգրավմամբ մշակվելու են մեթոդական ցուցումներ բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման համար։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատվելուց հետո մեթոդական ցուցումները տրամադրվելու են շենքերի կառավարիչներին և համայնքներին՝ իրենց կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանմանն ուղղված ծախսերի պլանավորման և բյուջետավորման նպատակով:

Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարևոր քայլ կլինի բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհին։ Խոսելով բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների լուծման առաջիկա նպատակներից՝ նա ընդգծել է համատեղ աշխատանքով դրանք իրագործելու կարևորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել Քաղաքաշինության կոմիտեի հետ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի արդյունավետ համագործակցությանը, որի արդյունքում իրականացվել են բազմաբնակարան շենքերին առնչվող օրենսդրական բարեփոխումներ, շենքերի էներգաարդյուանվետության բարձրացմանն ուղղված և ոլորտային տարբեր նախաձեռնություններ։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը՝ դիտարկելով նաև նոր ուղղություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում