Հասարակական

ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

3 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ՆԳ նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորելով հյուրին՝ հույս է հայտնել, որ նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա ՄԱԿ-ի հետ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման համար։

«Վահե Ղազարյանն, անդրադառնալով ՄԱԿ-ի հայաստանյան թիմի գրեթե բոլոր գործակալությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների փուլում առանձնացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի անմիջական ներգրավմամբ իրականացված «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագիրը, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ սերտ փոխգործակցությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Ֆղանսուազ Ժակոբը ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների ճշգրիտ գնահատման և դրանց վերացման ուղղությամբ ՆԳ նախարարության հայտի հիման վրա իրականացվող աշխատանքները։

Ֆղանսուազ Ժակոբը պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը նաև աղետների ռիսկի կառավարման, Ոստիկանության բարեփոխումների և միգրացիայի ոլորտներում։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին արագ արձագանքման համար, ինչը կօգնի ավելի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները և աշխատանքներ սկսել դրանց վերացման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման և Ոստիկանության բարեփոխումների գործընթացի վերաբերյալ մանրամասներ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել աղետի գոտում ՄԱԿ-ի մասնագիտական խմբի աջակցության համար` նշելով, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակվում են:

Նա նաև անդրադարձել է ՄԱԿ-ի տարբեր գրասենյակների համագործակցությամբ ծրագրերի իրականացման աշխատանքներին` մատնանշելով նոր ուղղություններ:

Նշվում է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ արդյունավետ համագործակցությանը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու հետագա ուղղությունները։

Քննարկվել են նաև ծառայություններում թվայնացման գործընթացներին, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին, Ոստիկանությունում կանանց ներգրավվածության բարձրացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում