Տնտեսություն

Մեկնարկեց Սյունիքի մարզի դիմակայունության և զարգացման ծրագիրը՝ 11 մլն եվրո բյուջեով

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Սյունիքի մարզի դիմակայունության և զարգացման ծրագիրը՝ 11 մլն եվրո բյուջեով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքում միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացման, համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման օժանդակության նպատակով իրականացվում է մարզի վերականգման, դիմակայունության և զարգացման ծրագիր «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնություն» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման շրջանակում նշվեց՝ ծրագրի իրականացման 5 տարվա ընթացքում 11 մլն եվրո բյուջեով ուժերը կենտրոնացվելու է ՄՓՄՁ-ների համար բիզնես միջավայրի բարելավման և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման, կայուն կանաչ համայնքային ենթակառուցվածքների բարելավման և հանուն Սյունիքի մարզի զարգացման բազմաշահառու համակարգման ակտիվացման ուղղությամբ:

«Սյունիքի մարզը ՀՀ-ի առանցքային մարզերից է, իր արդյունաբերության և գյուղատնտեսության ներուժի զարգացման տեսանկյունից համարվում է խիստ հեռանկարային տարածաշրջան: Պատահական չէ, որ փոքր և միջին ձեռնարկությունների համար բիզնես միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանն ուղղված այս ծրագիրը մեկնարկում է հենց այս մարզում: Ծրագիրն ունի ընդգրկուն ներկայացուցչական կազմ և շատ ուրախալի է այն փաստը, որ ծրագիրը համաֆինանասավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշեց՝ վերջերս Սյունիքում է եղել՝ քննարկելու այս նախաձեռնությունները: Նրա խոսքով՝ Սյունիքն այն մարզն է, որը կարևորագույն հատկանիշներ ունի և այն առաջնահերթություն է թե՛ ՀՀ-ի, թե՛ ԵՄ-ի համար:

«Մենք փորձում ենք անդրադառնալ տնտեսական այն խոցելիություններին, որոնք կան այդ տարածաշրջանում: Աջակցություն ներդրումային և կայուն համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի մշակմանը, ֆինանսական աջակցության տրամադրում ընտրված համայնքային փոքր ենթակառուցվածքներին: Իրականացվող աշխատանքներով նպաստում ենք մարզ ժամանած փախստականների զբաղվածության ապահովմանը»,-հավելեց դեսպանը:

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում