ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Սևան» քրեակատարողական հիմնարկում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը «Սևան» ՔԿՀ-ում ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավման աշխատանքներին: Ցմահ դատապարտյալների հետ քննարկվել են պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր:
Նախարարը ծանոթացել է շուրջ 100 դատապարտյալի համար նախատեսված նոր կացարանի կապիտալ նորոգման աշխատանքներին, սննդի մատակարարման և հանձնուքների ընդունման գործընթացին: Քրեակատարողական ծառայության պետը նախարարին ներկայացրել է առաջիկա տարիներին նախատեսված աշխատանքների ծրագիրը:
Շրջայցի ընթացքում նախարարը հանդիպել է ցմահ ազատազրկված դատապարտյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին։ Հանդիպմանը Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի մասնակցությամբ քննարկվել է դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների փորձնական գործարկումը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այցի ավարտին տրվել են հանձնարարականներ։