Հասարակական

Գավառի մանկատան մի խումբ սաներ այցելել են ՀՀ քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Գավառի մանկատան մի խումբ սաներ այցելել են ՀՀ քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Մեկ օր իմ գունեղ ապագայի մասին» միջոցառման շրջանակներում, հունիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել էր «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի մի խումբ բնակիչ երեխաների՝ նրանց համար հիշարժան օր կազմակերպելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, երեխաները շրջել են ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքում, ծանոթացել Կոմիտեի և քննիչների աշխատանքային պայմաններին։

«Նրանց հետ անմիջական զրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ հորդորելով լավ սովորել՝ հետագայում հանրային կյանքի՝ իրենց նախընտրած ոլորտներում պիտանի մասնագետներ դառնալու և այդ կերպ հայրենիքի հզորացմանը զինվորագրվելու համար։

ՀՀ ՔԿ կոմիտեի նիստերի փոքր դահլիճում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը զրուցել է երեխաների հետ, նրանց բացատրել քննչական գործունեության առանձնահատկությունները, հետաքրքրվել նրանց նախասիրություններով, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արսեն Այվազյանը տեղեկացրել է երեխաների հետ կապն ավելի սերտացնելու ուղղությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությունների մասին։

Նշվում է, որ հանդիպման վերջում երեխաները նվերներ են ստացել։ Օրն ավելի գունեղ և հիշվող դարձնելու նպատակով նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից մայրաքաղաքում նրանց համար հետաքրքիր ժամանց է կազմակերպվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում