Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցու տանիքածածկը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի համագործակցությամբ նորոգվում է Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու կղմինդրե տանիքածածկը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ գմբեթի և լանջերի կղմինդրե ծածկը տարիների ընթացքում խիստ քայքայվել էր և վնասվել եկեղեցի ներթափանցած խոնավության հետևանքով: Տանիքածածկի նորոգման ճարտարապետական նախագիծը նախապես համաձայնեցվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ ստանալով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը:

Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության մեջ հռիփսիմեատիպ հուշարձաններից առանձնացող Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին թվագրվում է VI-VII դդ.: Այն կենտրոնագմբեթ, ուղղանկյուն հատակագծով, քառախորան կառույց է: Խորաններից արևելյանն ու արևմտյանը, մյուս երկուսի հետ համեմատած, բավականին լայն են: Աղոթասրահի չորս անկյուններում տեղադրված են հավասարաչափ, քառակուսի հատակագծով ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցու հորինվածքում իշխող է գմբեթի թմբուկը: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի գմբեթ իրականացված է մեծ ու փոքր 4 լրացուցիչ տրոմպների միջոցով: Թմբուկն աչքի է ընկնում նաև որմնախորշերի և լուսամուտների առատությամբ:

Եկեղեցու դեկորատիվ հարդարանքն են կազմում խաղողի ողկույզներով, ատամնաշարերով, կրկնաշար տերևիկներով քանդակազարդ քիվերն ու լուսամուտների պսակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում