Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը, համայնքապետը ներկայացրել է իրավիճակը

3 րոպեի ընթերցում

ԱԼԱՎԵՐԴԻ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Արճիշ, Այրում, Հաղթանակ, Դեբեդավան, Կողբ և Բագրատաշեն բնակավայրերի բնակիչներից ստացվել է վնասի վերաբերյալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասվել են 40 շենք-շինություններ, հեղեղվել և ոչնչացվել են 108,5 հեկտար մակերեսով այգիներ ու պարտեզներ, անկել են բազմաթիվ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացել են շատ մեղվափեթակներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

«Ստեղծել ենք արտակարգ իրավիճակների հանձնաժողով, որը բացի համայնքապետարանի ու վարչական այլ միավորների ղեկավարներից, մարզպետի աշխատակազմից, նաև ընդգրկել է փրկարար ծառայության ներկայացուցիչներին: Վնասված քառասուն շենք-շինություններից տասներկուսը բնակարաններ են, որոնք ամբողջությամբ ջրալցվել են: Դեռ վաղ է ամբողջական վնասի չափը որոշել, քանի որ շարունակվում է բնակիչների դիմումների ընդունման գործընթացը: Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ կան տարածքներ, որտեղ առայժմ հասանելիության խնդիր կա: Հաշվարկները կսկսենք երկուշաբթի օրվանից»,- ասաց Աղաբաբյանը:

Նա տեղեկացրեց, որ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում իրենց միացել են 35 կամավորներ, և հավելեց, որ կարևոր աշխատանքներ են իրականացրել նաև փրկարար ծառայության աշխատակիցները: Համայնքապետը նշեց, որ իրենք այժմ տեղի ռեսուրսներով փորձում են համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ մի քանի օրվա ընթացքում վերացնել աղետի հետևանքները: Նա ընդգծեց, որ տեխնիկայի առումով ռեսուրսները բավարար են և տեղեկացրեց, որ Դեբեդ գետի ավազանն ընդգրկող իրենց համայնքի տարածքում վնասվել են երկու կամուրջներ, որոնք ունեն ռազմավարական նշանակություն, ինչպես նաև մեկ հետիոտնային կամուրջ: Ավտոմոբիլային ճանապարհները բարեբախտաբար լրջորեն չեն վնասվել, պարզապես կա հենապատերն ամրացնելու խնդիր: Հաշվարկները հետագայում կներկայացվեն կառավարությանը:

Աղաբաբյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է լուծվի վնասված բնակարանների խնդիրը: Գույքային վերականգնման հարցով համայնքապետարանը դիմել է նաև «Կարմիր խաչին» ու միջազգային կառույցներին: Խոսելով ջրհեղեղից տուժած համայնքի բնակավայրերում ստեղծված սանիտարահիգիենիկ վիճակի մասին, Աղաբաբյանն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է:

«Այդ առումով ռիսկեր և վարակային վտանգներ չկան»,- եզրափակեց Նայեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

Հայերեն

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է