Հասարակական

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել է միջազգային ու հանրապետական մրցումներում հաղթանակած մարզիկներին

2 րոպեի ընթերցում

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել է միջազգային ու հանրապետական մրցումներում հաղթանակած մարզիկներին

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ընդունել է Սևանի Ն.Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սաներ՝ ծանրամարտիկ Հովհաննես Հովաննիսյանին և բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանին, իրենց մարզիչներ Գառնիկ Աբրահամյանին, Հովհաննես Վարդանյանին և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանին ու շնորհավորել նրանց վերջերս կայացած հանրապետական ու միջազգային առաջնություններում մրցանակային բարձր տեղեր գրավելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, վերջերս Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունում Սևանի մարզադպրոցի սան, 61 կգ քաշային, 17-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի արդյունքում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 13-ամյա բռնցքամարտիկ Կարինե Դալլաքյանը Երևանում կայացած ՀՀ 2024 թվականի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում, 46 կգ քաշային կարգում, գրավել է առաջին տեղը:

«17-ամյա Հովհաննեսը մեծ պատասխանատվությամբ է մոտենում բոլոր առաջնություններին: Ֆիզիկական և կամային բարձր պատրաստվածություն ունեցող ծանրամարտիկն այս անգամ էլ արդարացրեց սպասելիքները՝ 242 կգ (108+134) արդյունքով հրում վարժությունում դարձավ հաղթող, իսկ պոկումում և երկամարտի գումարում զբաղեցրեց երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Նա ընդամենը 2 կգ է զիջել Աշխարհի ոսկե մեդալակրին: Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած Հովհաննես Հովհաննիսյանի հաղթարշավի հաջորդ հասցեն Հունաստանի Սալոնիկ քաղաքն է, որտեղ հունիս ամսին տեղի է ունենալու Եվրոպայի պատանիների առաջնությունը»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում