Հասարակական

Գավառ քաղաքի «Ժակի բուլվար» կոչվող տարածքում բնահեն այգի է հիմնվելու

3 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքի «Ժակի բուլվար» կոչվող տարածքում բնահեն այգի է հիմնվելու

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Ժակի բուլվար» կոչվող տարածքում Ավստրիայի Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախարարության ֆինանսավորմամբ և Գավառի համայքնապետարանի հետ համագործակցությամբ հիմնվելու է բնահեն այգի։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն արդեն գտնվում է մեկնարկային փուլում , այժմ ընթանում են նախագծի կազմման աշխատանքները։ Որոշ մանրամասներ քննարկելու նպատակով Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել է ծրագիրն իրականացնող կողմերին։ Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ Վրաստանի և Ավստրիայի փորձագետներ, «Կայուն Կովկաս» ծրագրի, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայի քաղաքականության վարչության, «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի ներկայացուցիչներ, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։ «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն հանդիսանում է ծրագիր ներկայացնող և իրականացնող կողմ։

Գավառի համայնքապետարանում և քաղաքային գրադարանում էլ ներկայացվել են աշխարհում արդեն խնդիր հանդիսացող կլիմայի փոփոխությունների, բնահեն լուծումներով դրա դեմ պայքարի և այգու հիմնման մասին տեղեկություններ․ քննարկումների արդյունքները հաշվի կառնվեն նախագծի կազմման փուլում։

«Ծրագրի իրականացման արդյունքում Գավառ քաղաքի «Ժակի բուլվար» կոչվող այգում, որը տարիներ ի վեր անխնամ մնալու արդյունքում չափազանդ անդուր տեսք ունի, ունենալու ենք մանկական խաղահարապարակ, ցուցադրական ու մշակութային տարածքներ, արհեստական լճակներ, տարեցների համար քայլուղիներ, հեծանվային ուղիներ, տնկելու ենք բազմատեսակ ծառեր ու թփեր, վայրի ծաղիկներ, բուսատեսակներով հագեցած գունային համադրություններ։ Ծրագրի բյուջեն կազմում է 30 հազար եվրո, շինաշխատանքները կմեկնարկեն մեկ ամսից: Նախատեսվում է մեկ տարվա ընթացքում իրականացնել դրանց հիմնական մասը»,-ներկայացրեց «Բլեջան» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը։

Գավառ համայնքում բնահեն լուծումներով այգու ստեղծումը կնպաստի բուսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի բարելավմանը։ Այգին կհանդիսանա համայնքի բնակիչների համար հանգստի և ժամանցի վայր, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման միջոց։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում