Հասարակական

Այն, ինչ վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը՝ եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություն կիրառելու մասին

2 րոպեի ընթերցում

Այն, ինչ վաճառվում է, պետք է հարկվի. ՊԵԿ նախագահը՝ եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորություն կիրառելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, չպետք է հարկվի: Այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձվում, կարծում եմ, որ այդտեղ ավելորդ չէ մտածել: Եթե, օրինակ, հավատացյալը ցանկանում է որոշակի հանգանակություն անել առանց հասցեավորման, խնդիր չեմ տեսնում: Խնդիր տեսնում եմ վաճառքի մեջ, եթե ինչ-որ բան վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ պետք է հարկվի»:

Անդրադառնալով հարցին, թե մոմ վաճառելու համար եկեղեցին պե՞տք է հարկ վճարի՝ ՊԵԿ նախագահը կրկնեց՝ այն, ինչ վաճառվում է, կարծում են, որ պետք է հարկվի:

Բադասյանը տեղեկացրեց նաև, որ Հարկային օրենսգրքով սահմանված են արտոնություններ, օրինակ, որոշակի ծիսական պարագաների օտարման մասով, սահմանված են նաև անշարժ գույքի հարկի արտոնություններ: Արտոնությունները սահմանվել են տարբեր պատճառներով: «Եթե կրոնական նպատակներով է որևէ գործունեություն իրականացվում, կարող է դրա հետ կապված լինել: Եվ կարծում եմ, որ պետք է տարանջատել, թե որն է կրոնական նպատակներով իրականացվում, որն է որոշակի վճարովիություն ենթադրում»,–ասաց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր կարծիք հայտնել, որ պետք է քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ հարկային պարտավորությունների կիրառման հարցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում