«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակցի կողմից մեկ այլ մասնակցի կտրող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել. ՔԿ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024թ. մայիսի 30-ին, ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացվող հավաքի ընթացքում վիճաբանություն է տեղի ունեցել հավաքի մասնակիցներ Ս.Դ.-ի և Ռ.Հ.-ի միջև, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել Ս.Դ.-ի այտի և պարանոցի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ռ.Հ.-ն ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Իրականացված անձնական խուզարկությամբ նրա մոտից առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող կտրող գործիքը հայտնաբերվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ դասալքության, զորամասն ինքնակամ լքելու, ինչպես նաև ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու համար նախկինում 4 անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Ռ.Հ.-ին հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին:
Վարույթի շրջանակներում կատարվել են քննչական անհրաժեշտ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: