Հասարակական

ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

4 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը խոստանում է հետևողական լինել աղետի գոտու բնակիչների բոլոր իրավունքների պատշաճ ապահովման հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահից աշխատել է արտակարգ ռեժիմով։ ՄԻՊ աշխատակազմի առաջնահերթ խնդիրներից են եղել մոնիթորինգը՝ մարդկանց խնդիրները բացահայտելու նպատակով և քաղաքացիների բարձրաձայնած խնդիրների հասցեագրումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալավերդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Այսօր ես եկել եմ Լոռու մարզ՝ հասկանալու համար քաղաքացիների կողմից բարձրաձայնած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ես հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ի սկզբանե մարդու իրավունքների մի քանի բնագավառներ ենք առանձնացրել և պետական մարմինների հետ պարբերաբար հաղորդակցություն ենք վարել հենց այդ իրավունքների բովանդակությանը վերաբերելի հարցերը պարտադիր հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց Մանասյանը։

Նա նշեց, որ առաջին և հրատապ լուծում պահանջող խնդիրը անվտանգ ջրի և սանիտացիայի խնդիրն է։ ՄԻՊ-ն այս հարցը բարձրացրել է պետական մարմինների առջև և իրավասու մարմիններից ստացել է տեղեկություն իրականացված աշխատանքների վերաբերյալ։ «Ես ցանկանում եմ մեկ անգամ էլ հատուկ արձանագրել, որ նախ քաղաքացիներն այս հարցում ուշադիր լինեն, ինչպես նաև շեշտեմ, որ պետական մարմինների ուշադրությունը պետք է մշտապես այս խնդրի վրա լինի»,- մանրամասնեց Մանասյանը։

Նա նշեց, որ կարևոր են նաև մարդկանց առողջության պահպանման հետ կապված խնդիրները։ «Հաղորդակցություն ենք վարել պետական մարմինների հետ՝ քաղաքացիներին պարտադիր դեղամիջոցների, պատշաճ սննդի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման իրավունքի երաշխավորման առնչությամբ։ Սա ևս չափազանց կարևոր հարցադրում է։ Պետական մարմինների մոտ խնդիրը բարձրացնելուց հետո մեզ փոխանցվել է տեղեկատվություն, որ թե՛ դեղամիջոցների, թե՛ բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունը հնարավորինս ապահովված է։ Մեր քաղաքացիներին խնդրում եմ պարտադիր դիմել ՄԻՊ աշխատակազմին, եթե վերոնշյալի հետ կապված խնդիրներ կնկատեն։ Բնականաբար, մենք ինքներս կփորձենք այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- ասաց Մանասյանը։

Նա հավելեց, որ շատ կարևոր է նաև համաճարակային իրավիճակները բացառելը՝ շեշտելով, որ այս առումով առաջնահերթ նշանակություն ունի հենց քաղաքացիներին անվտանգ ջրի մատակարարումը։

Անահիտ Մանասյանը կարևորում է նաև քաղաքացիների կրթության իրավունքի պատշաճ ապահովումը արտակարգ իրավիճակի պայմաններում։ «Ես անընդհատ շեշտադրել եմ, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել կրթության իրավունքը պատշաճ ապահովելու համար։ Ես պետական մարմիններից ստացել եմ հավաստիացում, որ կրթության իրավունքի պատշաճ ապահովման նպատակով արվում են համապատասխան քայլեր»,- ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ քաղաքացիներին կոչ անելով այստեղ ևս խնդիրներ նկատելու դեպքում դիմել ՄԻՊ աշխատակազմին։

Անահիտ Մանասյանը շեշտեց նաև մարդկանց սննդամթերքով ապահովելու կարևորությունը՝ հավելելով, որ այս առնչությամբ ևս ստացել է հավաստիացում, որ քաղաքացիներն ապահովվում են անհրաժեշտ սննդամթերքով։

Շատ կարևոր խնդիր է քաղաքացիների սեփականության իրավունքի և պատշաճ փոխհատուցման հարցը։ «Այս պահին քաղաքացիների կրած վնասների գույքագրում է իրականացվում։ Այս հարցերին ես այս փուլում մանրամասն չեմ անդրադառնա, բայց, եթե այս հարցով ևս լինեն խնդիրներ, քաղաքացիներին կխնդրեմ, որպեսզի դիմեն մեզ»,- ասաց Անահիտ Մանասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում