Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ոստիկանությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այդ մասին հայտարարություն է տարածել․
«Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակելու է իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 30-ին կայացած հավաքի ժամանակ շարժման համակիրներին կոչ էր արել մայիսի 31-ին, ժամը 10։00-ին հավաքվել Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Նա նշել էր, որ մայիսի 31-ին կարևոր տեղ ունեն գնալու՝ չհստակեցնելով, թե ուր։ Մայիսի 31-ին էլ շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցուց քայլերթ են սկսել։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս անգամ էլ չհստակեցրեց, թե ուր են գնալու՝ նշելով, որ դա ճանապարհին կորոշեն։