Հասարակական

Կայացել է Լոռիում և Տավուշում  տուժածների վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Լոռիում և Տավուշում  տուժածների վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ավելի ճշգրիտ գնահատման և վերացման հարցում փորձագիտական կարողությունները հզորացնելու առումով ՆԳ նախարարության կողմից հայտեր են ներկայացվել՝ ակտիվացնելու Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը, նաև ստանալու ՄԱԿ գրասենյակի աջակցությունը:

«9 համայնքներում և 2 մարզերում արդեն ստեղծված են տարածքային և մարզային հանձնաժողովներ: Նրանք տեղում իրականացնելու են պատճառված վնասների գնահատում, կազմելու են համապատասխան ակտեր, որոնք ներկայացվելու են հանձնաժողովին։

Մասնակիցները քննարկել են առկա իրավիճակը և մատնանշել հիմնախնդիրները:

Նշվել է, որ պետք է կենտրոնանալ գնահատման միասնական ձևաչափ ստեղծելու վրա, ինչը կօժանդակի տարբեր համայնքներում միատեսակ մոտեցումներ և տեղեկատվության հավաքագրում ապահովելուն:

Հատուկ ուշադրություն է դարձվել վնասների հատուցման հետ կապված խնդիրներին և դրանց մեթոդաբանությանը:

Միասնական ձևաչափի սահմանման առումով՝ որոշվել է նաև ներգրավել փորձագիտական ներուժ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ գործընթացը հուսալի տեղեկատվական բազայի վրա կառուցելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանձնարարվել է ըստ նոր ձևաչափի շարունակել վնասի հավաքագրման և գնահատման աշխատանքները, որպեսզի համայնքային, մարզային և հանրապետական օղակներում հանձնաժողովի աշխատանքները լինեն համակարգված և փոխկապակցված, ինչի արդյունքներով էլ հանրապետական հանձնաժողովը կամփոփի և կհրապարակի տվյալները:

Նշվում է, որ Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով պետությանը և համայնքներին, այդ թվում՝ պատմամշակութային արժեքներին պատճառված վնասները դիտարկվելու են առանձին:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում