«Կարևորը դու ես». «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն անհատական մոտեցում և նոր պրոդուկտներ է առաջարկում
6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը 21 տարվա ընդմիջումից հետո իր նիշն է զբաղեցրել Հայաստանի շուկայում: Ընկերությունն իր հաճախորդներին է ներկայացել նոր կարգախոսով և, ամենակարևորը, նոր առաջարկներով: Այսուհետ «ԷՖԵՍ»-ն իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» սկզբունքով, ինչն ամենից առաջ ենթադրում է անհատական մոտեցում ընկերության ծառայություններով հետաքրքրված յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:
Ընկերության նոր գաղափարներն ու առաջարկները «ԷՖԵՍ»-ի ղեկավարները ներկայացրեցին մայիսի 29-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսում: Մինչ միջոցառման մեկնարկը «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ապահովագրության ավանդական տեսակներից բացի ընկերությունը փորձում է Հայաստանում ներդնել և հասանելի դարձնել նաև առաջատար երկրներում տարածված ապահովագրական նոր պրոդուկտներ:
«Օրինակ, մենք հիմա առաջարկում ենք քաղցկեղից ապահովագրություն: Դիագնոզը դնելուց հետո միանգամից իքս գումար ենք մարդուն վճարում, և արդեն մարդու ընտրությունն է՝ որտեղ, որ երկրում բուժվի: Հաջորդ պրոդուկտը, որն ուզում ենք ներկայացնել, բժշկական ապահովագրությունն է ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև Հայաստանից դուրս՝ եվրոպական երկրներում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում»,- նշեց Արևշատ Մելիքսեթյանը:
«ԷՖԵՍ»-ի խորհրդի նախագահ, իտալական Generali ապահովագրական ընկերության՝ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Ջորջիո Կալեգարին ուրախությամբ արձանագրեց, որ ընկերությունն իր գործունեության մեկնարկն ազդարարում է առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով: Նա կարծում է, որ դա Հայաստանը մոտեցնում է կյանքի եվրոպական չափանիշներին:
«Սա լավագույն ապացույցն է այն իրողության, որ մեր ընկերությունը գործունեության ճիշտ ուղի է որդեգրել»,- գտնում է Ջորջիո Կալեգարին:
Արդեն ասուլիսում Արևշատ Մելիքսեթյանը մանրամասն ներկայացրեց երկու նոր պրոդուկտները, որոնք մշակվել են համապատասխանաբար շվեյցարական Swiss Re և գերմանական Allianz հանրահայտ ընկերությունների հետ համագործակցությամբ:
«Նոր պրոդուկտը կոչվելու է Oncocare with MSO (Medical Second Opinion), այսինքն՝ քաղցկեղի ապահովագրություն բժշկական երկրորդ կարծիքով: Ապահովագրված անձը դիագնոզը լինելու պահից ստանում է ֆիքսված միանվագ գումար, որը կարող է տատանվել 4 մլն դրամից մինչև 25 մլն դրամ: Այս պրոդուկտի գինը տատանվելու է ամսական 2900 դրամից սկսած ու որքան գումարը մեծանա՝ ավելանալու է»,- ասաց նա:
«ԷՖԵՍ»-ը նաև միջազգային բժշկական ապահովագրությունից օգտվելու հնարավորություն է ընձեռում Հայաստանի քաղաքացիներին: «Ծածկույթը տրամադրվում է հիմնականում ամբողջ աշխարհում՝ բացի Հյուսիսային Ամերիկայից: Ծածկույթի լիմիտը մոտ 2 մլն եվրո է, սակագինը՝ ամսական սկսած 120-130 դոլարից: Կան ընտանեկան փաթեթներ, որտեղ արդեն գործում է զեղչային համակարգ: Վաճառքի մեկնարկը լինելու է հուլիսի 1-ից՝ մինչ այդ կատարվելու է պատվերների նախնական գրանցում»,- ներկայացրեց ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Վերադարձի կապակցությամբ «ԷՖԵՍ»-ին շնորհավորեց և հաջող ընթացք մաղթեց ապահովագրության միջազգային փորձագետ, Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Դևի Խեչինաշվիլին։ Նա տեղեկացրեց, որ ներկայացված պրոդուկտները մատուցում են նաև Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունները: «Հաշվի առնելով մեր ժողովուրդների խառնվածքի որոշ նմանություններ՝ համոզված եմ, որ այս ծրագիրը հաջողությամբ կիրագործվի նաև Հայաստանում»,- գտնում է Դևի Խեչինաշվիլին:
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն էլ արձանագրեց, որ Հայաստանում ապահովագրական շուկան զարգացման մեծ ներուժ ունի: «Կենտրոնական բանկը մի քանի կարևոր ռազմավարական ուղերձ ունի հղելու այսօր ապահովագրական շուկայի վերաբերյալ: Ամենաառաջին ռազմավարական ուղերձն այն է, որ ՀՀ-ում, ըստ կենտրոնական բանկի վերլուծությունների, ապահովագրական շուկան ունի շատ լուրջ աճի պոտենցիալ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք շուրջ 4 հազար դոլարին համարժեք ՀՆԱ ունենք: Սա նշանակում է, որ մեր զարգացվածության մակարդակի համեմատ ապահովագրական շուկայի մեծությունը փոքր է: Աճի պոտենցիալ կա»,- նշեց Արմեն Նուրբեկյանը:
Վերոնշյալ նոր պրոդուկտներից բացի «ԷՖԵՍ»-ն անհատներին և կազմակերպություններին առաջարկում է շուկայում ներկայացված կամավոր ապահովագրության բոլոր ծառայությունները՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեռ պատասխանատվության ապահովագրություն:
«ԷՖԵՍ»-ի կանոնադրական կապիտալը 2.5 մլրդ դրամ է։ 2024 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար: Դա Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23 տոկոսն է կամ կամավոր ապահովագրության շուկայի 44 տոկոսը։