Հասարակական

Զոհված զինծառայողների ծնողների համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը կբարձրացվի

2 րոպեի ընթերցում

Զոհված զինծառայողների ծնողների համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը կբարձրացվի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց տարիքային առավելագույն շեմը կվերանայվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ 44–օրյա պատերազմում զավակներին կորցրած ծնողները պետության աջակցությամբ կարողանում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ երեխա ունենալ: Սակայն պատգամավորը նկատել է, որ ծրագրից օգտվելու համար սահմանված տարիքային շեմի հետ կապված դժգոհություն կա:

«Պետության կողմից այս կարիքին արագ արձագանքելու շնորհիվ հնարավոր եղավ բազմաթիվ ընտանիքներին զավակ ունենալու բերկրանքը պարգևել: Այո, մենք ունենք ծնողներ, որոնք լինելով օրենքով սահմանված տարիքային շեմի մեջ, փորձել են, բայց, ցավոք սրտի, չի ստացվել: Հիմա ունենք պահանջ՝ վերանայելու այդ տարիքային շեմը»,–ասաց Ավանեսյանը:

Նախարարը հայտնեց, որ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հետ երկար քննարկումների արդյունքում նախաձեռնվել է օրենսդրական փոփոխություն: Տարիքային շեմի վերանայման նախագիծը շրջանառության մեջ է: Նախարարը հուսով է, որ շուտով արդեն կքննարկվի Ազգային ժողովում:

«Հուսով եմ, որ առաջիկայում կընդունվի, և 53 տարեկանի շեմը կվերանայվի և ներառյալ 55–ը կսահմանվի որպես տարիքային շեմ»,–ասաց Ավանեսյանը:

Ըստ նրա՝ տվյալ օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը նաև որոշակի ռիսկեր է պարունակում կնոջ ու ապագա զավակի համար: Այս բոլոր մասնագիտական նրբությունները հաշվի առնելով՝ եզրահանգել են, որ կսահմանեն 55 տարեկանի շեմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում