Հասարակական

Այրում կայարանի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար

2 րոպեի ընթերցում

Այրում կայարանի մոտ գտնվող երկաթուղային կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այրում կայարանի հարակից հատվածում գտնվող պահածոների գործարանի մատակարարման համար նախատեսված երկաթգծային չաշխատող կամուրջը կվերափոխվի և կծառայի բեռնատար ավտոմեքենաների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստին այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ամփոփելով արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի աշխատանքները։

Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում գործընկերների հետ։

«Հաշվի առնելով, որ Այրում կայարանից դեպի Ալավերդի կապը վերականգնելու համար բավական ժամանակ կպահանջի՝ բեռները երկաթգծով կտեղափոխենք մինչև Այրում կայարան, որի հարակից հատվածում կա մի երկաթգծային կամուրջ, որը նախկինում պահածոների գործարանի մատակարարման համար է եղել և երկար ժամանակ չի աշխատում։ Հիմա այդ երկաթգծային կամուրջը վերափոխում, դարձնում ենք բեռնատարների համար նախատեսված կամուրջ։ Առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում աշխատանքները կավարտվեն և այդ կամուրջը կծառայի, որպեսզի բեռնատարները անցնեն գետի մյուս կողմ, Այրում կայարանից բարձեն տարբեր տեսակի բեռներ, այդ թվում՝ վառելիք և մատակարարեն Հայաստանով մեկ։ Այս սխեման առաջիկա օրերին կաշխատի»,- նշեց Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝ Վրաստանում ևս երկաթգծեր կան վնասված։

«Գործընկերները կարծում էին, որ երեք օրում երկաթգծի վերականգնումը կավարտեն, բայց մի շարք հատվածներ կրկին վնասվել են։ Վրաստանի փոխվարչապետի հետ խոսել եմ, նախատեսում են երեքշաբթի ավարտել աշխատանքները։ Մինչև այդ, մենք ժամանակ կունենանք մեր կողմում այդ կամրջի վերափոխման համար, և երկաթուղին կկարողանա աշխատել մինչև Այրում կայարան»,-եզրափակեց Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում