Հասարակական

PROFAL-ը երկրորդ տուն դարձած աշխատավայր է. պատմում են ընկերության հետ 22-ամյա ճանապարհ անցած աշխատակիցները

10 րոպեի ընթերցում

PROFAL-ը երկրորդ տուն դարձած աշխատավայր է. պատմում են ընկերության հետ 22-ամյա ճանապարհ անցած աշխատակիցները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ալյումինե պատուհանների ու դռների արտադրության ոլորտում որակի նոր նշաձող սահմանած PROFAL ընկերության ձեռքբերումների շարքում ամենակարևորներից է պրոֆեսիոնալ ու ստեղծարար թիմը, որն անընդհատ աճում ու համալրվում է նոր աշխատակիցներով: Պրոֆալցիները հաճախ են կրկնում, որ աշխատավայրն իրենց երկրորդ տունն է դարձել, իսկ գործընկերները՝ հարազատ մարդիկ: PROFAL-ի ստեղծման առաջին օրերին թիմին միացած 29 աշխատակիցներից 22-ն այսօր էլ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել սիրելի ընկերությունում:

Ստորև ներկայացվում է PROFAL-ի հետ 22-ամյա ճանապարհ անցած հինգ աշխատակիցներին ու նրանց պատմությունը:

Լաուրա Շահնազարյան՝ PROFAL-ի կադրերի գծով մասնագետ

Լաուրա Շահնազարյան.jpg (4.03 MB)

Ես PROFAL-ի հետ եմ հիմնադրման առաջին օրերից, երբ ամեն ինչ նոր էր ստեղծվում: Ճիշտ է՝ ունեինք փոքր արտադրամասեր, քիչ թվով աշխատակիցներ, բայց ամեն ինչ շատ ջերմ էր. ընդունելությունը, մթնոլորտը, մարդիկ: Եվ, ի ուրախություն բոլորիս, այդ ջերմությունը մինչ օրս էլ պահպանվում է, նույն տպավորություններն ունեմ այսօր, ինչ առաջին աշխատանքային օրը:

Աշխատանքի առաջարկը ստացա հիմնադիրներից և, ճանաչելով նրանց ու նրանց գործունեությունը, առանց երկմտելու ընդունեցի այն։ Գործընկերներիս աջակցությամբ շատ արագ հարմարվեցի նոր միջավայրին ու կազմակերպության հետ միասին աճեցի ու բարելավեցի իմ կարողություններն այս 22 տարվա ընթացքում։ PROFAL-ում ձեռք եմ բերել լավ ընկերներ, այն երկրորդ տուն է դարձել ինձ համար: Աշխատանքի գնալն էլ ոչ թե պարտականություն է, այլ հաճույք:

Անընդհատ կատարելագործվելն ու զարգանալը PROFAL-ի կորպորատիվ մշակույթի կարևոր կողմերից է: Ի թիվս այլ դասընթացների, ներկայում հնարավորություն ունենք զարգացնելու մեր անգլերենի իմացությունը: Ես ունեի անգլերենի որոշակի բազա ու սա շատ լավ հնարավորություն էր ինձ համար ավելի կատարելագործել գիտելիքներս ու դա անել գործընկերներիս միջավայրում: Թե մեր դասախոսի ընտրած ուսուցման մոդելը, թե թիմակիցներով իրար ոգևորելը, ավելի հագեցած ու հետաքրքիր են դարձնում մեր դասերը:

Ապագայում մեր թիմը համալրողներին խորհուրդս կլինի միշտ բարի աչքերով ու հումորով նայել ամեն ինչին, քանի որ PROFAL-ում բոլորն են այդպես վարվում:

Արսեն Հարությունյան՝ Կահույքի արտադրամասի ղեկավար

Արսեն Հարությունյան.jpg (3.66 MB)

22 տարի աշխատում եմ PROFAL-ում՝ որպես կահույքի արտադրամասի ղեկավար, համակարգում եմ աշխատանքները կահույքի նախագծում-պատրաստումից մինչև տեղադրում: Ամեն օր այդ գործի մեջ եմ, բայց ոչ մի անգամ նույնը չի կրկնվում, քանի որ մեզ մոտ ոչ թե սերիական արտադրություն է, այլ աշխատում ենք անհատական պատվերներով: Ավելին՝ մեզ են վստահվում ամենաբարդ ու սուղ ժամկետներով իրականացվող նախագծերը:

Տարիների ընթացքում եղած հմտություններն ավելի ու ավելի զարգացել են, ավելացել է փորձը, որի արդյունքում ինքնավստահ ու ճկուն ենք դարձել: Բարդ նախագծեր իրականացնելիս հենց այդ փորձն ու համագործակցային գործելաոճն է օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները:

Հիշարժան նախագծերից են Էօրնեկեան դպրոցի համար աշակերտական սեղան-աթոռների պատրաստումը, որը մեծաքանակ և չկրկնվող պատվեր էր, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանի գրանցման հատվածի կահավորումը, որը մանրակրկիտ աշխատանք էր պահանջում ցանկալի արդյունքը ստանալու համար: Զվարթնոցի նախագծից հրաժարվել էին գերմանական ու մի քանի այլ երկրների ընկերություններ իր բարդության պատճառով, իսկ PROFAL-ը պատասխանատվություն ստանձնեց ու հաջողությամբ այն իրականացրեց։

PROFAL-ը լավ դպրոց է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են էլ ավելի մասնագիտանալ ու առաջ գնալ: Այն ինձ համար տան նման է, կարելի է ասել, ավելի շատ այստեղ եմ ժամանակ անցկացնում, քան տանը: Բոլորս էլ իրար հարազատ ենք դարձել, ու ինձ այլևս ուրիշ վայրում չեմ պատկերացնում:

Արիստակես Ստեփանյան՝ Ալյումինե կոնստրուկցիաների արտադրամասի աշխատակից

Արիստակես Ստեփանյան.jpg (4.53 MB)

Ես PROFAL եկել եմ որպես պատրաստի կադր. այս ամենը, ինչ տեսնում եք, ստեղծվել է նաև մեր բոլորի ջանքերով: Մեր խումբն աշխատում է արտադրանքի ստացման վերջին փուլում, երբ շրջանակներին ամրացնում ենք մեխանիզմներ, տեղադրում իրերը ու ստանում պատուհանները, դռները, վիտրաժները և այլն:

PROFAL-ն ինձ հնարավորություն է տալիս այս տարիքում էլ աշխատել (71 տարեկան է՝ հեղ.), ստեղծագործել ու գիտելիքներս ավելացնել, քանի որ ընկերությունը մշտապես նորամուծություններ է ներդնում իր աշխատանքում, մենք էլ փորձում ենք սովորել, զարգանալ:

Այս 22 տարիների ընթացքում ոչ միայն ես եմ հմտացել, այլ նաև կարողացել եմ իմ փորձը փոխանցել PROFAL եկող նոր ու երիտասարդ աշխատակիցներին, ինչո՞ւ չէ, նաև սովորել նրանցից:

Աշխատանքային միջավայրը ջերմ է, ընկերական, իսկ հումորն անբաժանելի մասն է մեր գործի: Հաճախ ենք անեկդոտներ պատմում, մեր տարիքի ընկերների հետ էլ աշխատանքին վերաբերող «պրիկոլներ» ենք անում: Օրինակ, ասում ենք՝ «էս ի՞նչ ես արել, սխալ ես տեղադրել: Ինքն էլ սկսում է մտածել, թե ինչն է սխալ արել: Հետո բոլորով ծիծաղում ենք, հասկանում է, որ հումոր է» (ծիծաղում ենք՝ հեղ.):

Այս տարիների ընթացքում այստեղ ձեռք եմ բերել լավ ընկերներ, ովքեր աշխատանքից դուրս էլ ինձ համար հարազատ մարդիկ են դարձել։

Վահրամ Ավետիսյան՝ Ալյումինե կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքների ստորաբաժնի աշխատակից

Վահրամ Ավետիսյան.jpg (5.19 MB)

PROFAL ընդունվել եմ որպես մոնտաժային աշխատանքներ իրականացնող: Զբաղվում եմ ֆասադային աշխատանքներով, բարձր ճակատային ապակիների տեղադրմամբ: Այս աշխատանքն ունի իր բարդությունները, քանի որ ծանր ապակիների ու կոնստրուկցիաների հետ ենք գործ ունենում: Իհարկե, այդ ամենն անում ենք տեխնիկայի միջոցով, օգնության են գալիս նաև տարիների փորձն ու տարբեր նախագծերից յուրացրած գիտելիքը: Մեր գործում շատ կարևոր է նախապես պլանավորելը, որպեսզի այն ավելի սահուն ընթանա ու խուսափենք ավելորդ խոչընդոտներից։

Պլանավորումից բացի, նաև կարևոր է զգույշ ու ուշադիր լինել սեփական անվտանգությանը. դա առաջին խորհուրդն է, որ տալիս ենք նորեկներին: PROFAL-ում բոլորս ենք պատրաստակամ իրար ձեռք մեկնելու ու խորհուրդներով կիսվելու: Ես էլ եմ անընդհատ սովորում եմ, ինչպես հայտնի խոսքն է ասում՝ Век живи –век учись (դար ապրիր, դար սովորիր):

Հիշում եմ՝ երբ նոր էինք սկսում, ամեն պատվերի հետ բոլորս ուրախանում էինք, նույնիսկ մեր հիմնադիրներն էին մեզ հետ հավասար հումքը դատարկում կամ արդեն պատրաստի արտադրանքը բարձում բեռնատարների մեջ:

Այս աշխատանքի շրջանակում նաև տարբեր գործուղումների եմ մեկնել: Երևի Հայաստանում չկա մի վայր, որ գործով եղած չլինեմ, տարբեր նախագծերով նաև արտերկրում եմ եղել՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Ռուսաստանում և նույնիսկ հասել եմ Կամչատկա։

Անդրանիկ Պետրոսյան՝ Ապակու արտադրամասի աշխատակից

Անդրանիկ Պետրոսյան.jpg (5.21 MB)

Մինչ PROFAL-ի ստեղծվելը, ես մի քանի տարի աշխատել եմ հիմնադիրների հետ: Ու, երբ նրանք իրենց ընկերությունը հիմնեցին, հենց առաջին օրվանից անցա աշխատանքի: Այն ժամանակ էլ, հիմա էլ աշխատում եմ ապակու արտադրամասում. ապակի եմ մշակում, կտրում, ծակում: Ամենասկզբում միայն ես էի այդ գծով միակ մասնագետը, հետո աշակերտներ ունեցա, ու մեր կազմը մեծացավ։ Շատ բան է փոխվել. այն ժամանակ ձեռքի աշխատանքը շատ էր, հիմա ավտոմատացված է արտադրությունը, ժամանակակից հաստոցների շնորհիվ մեր գործը բավականին թեթևացել ու հեշտացել է:

Ամեն անգամ թեկուզ նույն աշխատանքն ես կատարում, բայց հավելյալ պրակտիկա է քեզ համար, միշտ նոր բան ես բացահայտում ու յուրացնում: Փորձի հետ նաև ինքնավստահությունն է ավելանում, երբ հաղթահարում ես ամեն տեսակի բարդության աշխատանք:

Այնքան լավ անձնակազմ է հավաքվել այստեղ, արդեն իմ օրն առանց PROFAL-ում սկսելու չեմ պատկերացնում, 22 տարին մի ամբողջ կյանք է:

PROFAL ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականի մարտի 19-ին երեք ընկերների՝ Դավիթ Սաֆարյանի, Գևորգ Դեմիրճյանի և Մերուժան Ավետիսյանի կողմից: Այժմ ընկերությունը ղեկավարում է Էդգար Ավետիսյանը: 22 տարվա ընթացքում PROFAL-ն իրականացրել է ավելի քան 30․000 նախագիծ Հայաստանում և արտերկրում՝ համագործակցելով ավելի քան 10․000 տեղական և միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է յոթ երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան և այլն։ Ընկերությունը հանդես է գալիս շարունակական ընդլայնման նախաձեռնություններով, որոնք ուղղված են ընկերության արտադրողականության ու հզորությունների ավելացմանը: PROFAL-ի աշխատակիցների թիվը շուրջ 500 է, որը տարեկան աճ է գրանցում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում