Հասարակական

Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ

2 րոպեի ընթերցում

Սոցցանցի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել․ կալանավորվել է 21–ամյա երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բացահայտվել է Երևան քաղաքի 21–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների շրջանառության դեպքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

«21–ամյա երիտասարդը, որոշելով եկամուտ վաստակել, իր բջջային հեռախոսում առկա «Տելեգրամ» բջջային հավելվածով կապ է հաստատել «Լ․․․» էջի օգտատիրոջ հետ և պայմանավորվել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված փաթեթները, յուրաքանչյուրը 10 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց, տեղադրել Երևան քաղաքի տարբեր հատվածներում։ Պայմանավորվածության համաձայն՝ 2024թ. մայիսին երիտասարդը Արարատի և Կոտայքի մարզերից ապօրինի ձեռք է բերել և պահել վերոնշյալ էջի օգտատիրոջ կողմից թողնված, ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 71.28 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով համալրված 112 փաթեթ։ Դրանցից 1-ը հայտնաբերվել է 2024թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված՝ երիտասարդի անձնական խուզարկության, իսկ 111 փաթեթները՝ վերջինիս պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկության արդյունքում»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 21–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում