Հասարակական

ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է հեղեղումների դեպքում և հեղեղումներից հետո վարքականոններ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է հեղեղումների ընթացքում և հեղեղումներից հետո վարքականոններ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է դրանք ստորև։

«Հեղեղումների ընթացքում

Եթե մարդիկ նկատում են, որ գետը վարարում է, և եթե տանն են, ապա շենքի նկուղային և առաջին հարկերից պետք է բարձրանան վերևի հարկեր։ Երկրորդածին երևույթներից խուսափելու նպատակով անջատում են գազ, ջուր, հոսանք և օգտագործում են միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո։

Եթե մարդը գտնվում է դրսում, ապա պետք է բարձրանա ցանկացած բարձրության վրա՝ ավտոմեքենայի տանիք, ցածր կառույցների տանիք և ինչ-որ ձևով հայտնի իր գտնվելու վայրի մասին՝ դա կլինի բղավոցով, ծուխ առաջացնելով կամ կրակ վառելով, լաթի կտոր թափ տալով։ Եվ պետք է իմանա, որ իրեն անպայման փնտրում են։

Վարար գետը ոչ մի դեպքում չպետք է մտնել, իսկ եթե խիստ անհրաժեշտ է, ապա հագնել ջրակայուն ռետինից ճտքակոշիկներ և ունենալ ձեռնափայտ։

Հեղեղումներից հետո

Ոչ մի դեպքում ջրի մեջ հայտնված սննդամթերքը չի կարելի օգտագործել. այն այլևս պիտանի չէ։ Չի կարելի օգտագործել, որովհետև վարարած ջուրն իր հետ բերում է տարբեր վնասակար նյութեր։

Ջրի մեջ հայտնված կենցաղային իրերը, սպասքը, հագուստը անպայման պետք է ախտահանել և նոր միայն օգտագործել։

Ծորակի խմելու ջուրը օգտագործել միայն համապատասխան ծառայությունների ցուցումներից հետո. խորհուրդ է տրվում մի որոշ ժամանակ եռացնել, նոր օգտագործել։

Հեղեղումներից հետո եթե մարդիկ վերադառնում են իրենց տները, ապա պետք է տունը զննեն, որովհետև ջուրն իր հետ կարող է բերել վտանգավոր կենդանիներ՝ կարիճներ, օձեր»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում