Հասարակական

Նոյեմբերյանում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է

5 րոպեի ընթերցում

Նոյեմբերյանում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը 5 անձի մասով ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին ժամը 11:00-ի սահմաններում տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն, 31-ամյա Հ․ Կ․-ն և այլ անձինք։

Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իրենց հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով, կատարել են խուլիգանություն, որի ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին, Հ․Կ.–ն և Վ․Ա․–ն, անտեսելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որից հետո Յ․Հ․–ն իր կողմնակիցների հետ հեռացել է տարածքից:

Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին են մոտեցել Յ․Հ․–ի կողմնակիցները՝ Ռ․ Ս–ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով և փորձել անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ։ Այդ ընթացքում Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից:

Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն Կ․ Մ․-ի և այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով, գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները:

Խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 5 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ գրավ, վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:

Հիշյալ 5 մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում