Հասարակական

Վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք խոչընդոտելու միջադեպին

2 րոպեի ընթերցում

Վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք խոչընդոտելու միջադեպին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք ոստիկանության կողմից խոչընդոտելու միջադեպին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նախ հիշեցրեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող «Տավուշը հանուն հայրենիքի քաղաքական շարժումը մայիսի 28-ին պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել։

«Երբ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր (ընդ որում, նա հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր) ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել ենք հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Խոսքը նրա մասին էր՝ այցի նպատակը պետական արարողակարգային միջոցառումը խոչընդոտե՞լն է, թե՞ ոչ։ Երբ պարզվել է և ստացվել է հավաստիացում, որ ոչ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք»,- ասաց Փաշինյանը։

Մայիսի 28-ին, Գայանյանց տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի և Հանրապետական մաղթանքի ավարտից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հոգևոր դասի ուղեկցությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր:

Գարեգին Բ-ն և հոգևոր դասը հանդիպել են հուշահամալիրի տարածք մուտք գործելու արգելքի, ապա՝ մի քանի անգամ հաղթահարելով ոստիկանական ուժերի պատնեշը՝ հուշակոթողի առջև ծաղիկներ խոնարհել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում