Հասարակական

Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում մայիսի 28-ին մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արդեն երրորդ մրցույթ-փառատոնին կմասնակցի հանրապետության 5 մարզերի 10 համայնքներից Գյումրի ժամանած 17 երգչախմբերի շուրջ 500 անդամ։ «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ։

d93f4607-20ce-4872-9093-012defbe362e.jpg (113 KB)

Փառատոնի ժյուրիի կազմում են Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, «Դիվիզի» մանկապատանեկան երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Մարինե Ալավերդյանը, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, «Ավե Մարիա» իգական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Արտաշես Բաբուրյանը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Նատալի Գալստյանը։

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվում է երեք՝ A, B, C դասակարգումներով։ Մրցանակային տեղերը, համապատասխանաբար, I, II, III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ փառատոնին մասնակցում են միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Կարգ C դասակարգմամբ փառատոնին մասնակցում են հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը։

c215739e-843b-4546-8070-3340c0de4589.jpg (329 KB)

««ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ»․ փառատոնի խորհրդանշական երգն այս տարի Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունն է․ փառատոնի ավարտին այն կկատարի Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը՝ շուրջ 200 մասնակից»,- հավելեց Լիլիթ Թովմասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում