ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայր Աթոռը քննարկել է իր հոգևոր գործունեությունը սառեցնելու՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խնդրանքը և որոշել է ընթացք տալ դրան՝ մինչ նոր տնօրինություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։