Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել հեղեղումների գոտում վնասների, խնդիրների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղեղումների հետևանքով Ալավերդուց դեպի Այրում և Բագրատաշեն տանող ճանապարհը բազմաթիվ հատվածներում վնասվել կամ գրեթե ամբողջովին քանդվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալավերդիում լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին, խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու անելիքներին:
«Մենք գետի աջ և ձախ ափերին ունենք բնակավայրեր, որոնց հետ կապի որոշակի խնդիրներ կան: Եվ հիմա մարդիկ աշխատում են, տեխնիկաները կմոտեցնենք, որոշակի դաշտային կամ լեռնային ճանապարհներ կան, որոնք կփորձենք մի քիչ կարգավորել և անցանելիությունն ապահովել»,- ներկայացրեց Սանոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առկա Ալավերդու «Սանահին կայարան» կոչվող թաղամասում, որը գտնվում է Դեբեդ գետի մյուս ափին և կտրված է բուն քաղաքից:
«Փրկարար ծառայության գործընկերները կարողացան պարանների միջոցով կապ հաստատել և սնունդ ու այլ անրաժեշտ պարագաներ տեղափոխել: Այնտեղ հիմա աշխատում են, գնահատում են մարդկանց վիճակը, եթե կարիք լինի, իրենց հնարավոր է սարքավորումների կամ պարանների միջոցով տեղափոխել այս ափ»,- մանրամասնեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ մասնագետները դիտարկել են ՀԷԿ-ի պատվարի հատվածը և կարծիք հայտնել, որ այնտեղ այս պահին չկան խնդիրներ, որոնք կառավարելի չեն:
Ըստ Սանոսյանի՝ գետի ներկա մակարդակը թույլ չի տալիս շատ աշխատանքներ իրականացնել և ջրի մակարդակի իջնելու դեպքում որոշ հատվածներում հնարավոր կլինի տարբեր շինարարական տեխնիկաներ գործարկել:
Այդուհանդերձ՝ տեղում աշխատանքները տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ շարունակվում են:
Սանոսյանի տեղեկատվությամբ՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատակիցների մասնակցությամբ էլեկտրամատակարարումը որոշ տեղերում հնարավոր է եղել վերականգնել: Նույնը վերաբերում է նաև գազամատակարարմանը:
ՏԿԵ նախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր մարմին գնահատել է խնդիրները, և ներկայում աշխատանքներ են տարվում վերականգնման ուղղությամբ: