Ներկայում իրականացվում են հետաղետային աշխատանքներ, փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը. ՆԳՆ փոխնախարար
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեբեդ գետի վարարելու և հեղեղումների վերաբերյալ ահազանգով անմիջապես դեպքի վայր ժամանած փրկարարները գիշերվա ընթացքում Ալավերդի քաղաքից և հարակից տարածքներից տարհանել են մոտ 232 քաղաքացի, իսկ «Այրում» կայարանից՝ 29:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ- փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ հավելելով, որ բնակչության տարհանումները դեռևս շարունակվում են:
«Նաև աշխատանքներ ենք իրականացնում «Սանահին» կայարանի հատվածում բնակչության սննդի ապահովման, ճոպանային աշխատանքների ուղղությամբ: Ապահովում ենք բնակչության սնունդը, կենսական անհրաժեշտության առաջնային օգնությունը»,-ասաց Ցուցուլյանը:
Նրա խոսքով՝ փրկարարական աշխատանքների մեծ մասն արդեն իրականացվել է: Ներկայում Տարածքային կառավարման և ենթակառուցվաքծների նախարարի գլխավորությամբ ընթանում են հետաղետային համապատասխան աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ:
Անդրադառնալով Տավուշի մարզի հեղեղված հատվածներում միջոցառումներին՝ ՆԳՆ փոխնախարարը տեղեկացրեց, որ այնտեղ գետի հունի ամրաշինական առաջնային աշխատանքներ են տարվում:
Մասնավորապես՝ գետահունի փոխվելու հետևանքով փակվել է Պտղավան-Բագրատաշեն ճանապարհի մոտ 3 կիլոմետրանոց հատվածը:
Ըստ Ցուցուլյանի՝ շարունակվում են որոնողական աշխատանքները, իսկ անհետ կորածների հստակ թիվը կհրապարակվի դրանց ավարտից հետ: Նրա տեղեկատվությամբ՝ առայժմ զոհերի թիվը 2-ն է:
Փոխնախարարը վստահեցրեց, որ փրկարարական ջոկատները գիշերվա ընթացքում կշարունակեն հերթապահությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կներգրավվեն լրացուցիչ ուժեր:
«Կարիք չկա խուճապի մատնվելու: Պետական կառույցները պատշաճ կերպով աշխատում են։ Այս պահին առաջնային փուլում իրականացվող աշխատանքների հետ կապված»,-հավաստիացրեց Ցուցուլյանը: