Քաղաքային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով․ վարորդներին հուզող հարցերի քննարկումները կշարունակվեն․ Կոստանյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մայիսի 22-ին հասարակական տրանսպորտն աշխատում էր որոշակի խաթարումներով, վարորդների գործադուլի հետևանքով առաջացել էր որոշակի լարվածություն, քանի որ կանգառներում խմբված բազմաթիվ մարդիկ ստիպված էին տևական ժամանակ սպասել տրանսպորտային միջոցներին։
Խնդրի կապակցությամբ՝ «Արմենպրես»-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։
«Այսօր առավոտից հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն կերպով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և զրուցել կազմակերպության աշխատակիցների՝ վարորդների ու ղեկավար կազմի հետ, ինչի արդյունքում վարորդներն առավոտվանից դուրս են եկել աշխատանքի, ու հասարակական տրանսպորտը սկսել է նորմալ աշխատել։ Վարորդների հիմնական բողոքը կապված է Սամվել Նազարյանին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հետ։ Քաղաքապետը լսել է վարորդների կարծիքները։ Տնօրենի ԺՊ-ի նշանակման և ընդհանուր առմամբ աշխատանքային հարցերի շուրջ քննարկումները շարունակվելու են։ Այս պահին մայրաքաղաքում տրանսպորտի երթևեկության հետ կապված խնդիր չկա»,- ասաց Կոստանյանը։
Հայկ Կոստանյանը նաև հերքել է տարածվող լուրերը, թե քաղաքապետի՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ այցից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանն ազատվել է պաշտոնից։